Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/624

Այս էջը հաստատված է

առնվազն ցույց են տալիս, որ Բակունցի վեպը այդ թվականին արդեն ավելին է եղել, քան այն, ինչ մեզ հասել է։ Բայց կան նաև տեղեկություններ, որ վեպը ավարտված է եղել:

Վեպի հիմնական մասն, ըստ երևույթին, գրվել է 1928 թվականին։ Դա երևում է նաև այն բանից, որ այդ թվականին համեմատած հարևան նախորդ ու հաջորդ տարիների հետ Բակունցը ամենից ավելի քիչ նոր գրված պատմվածք կամ ակնարկ է հրապարակել։ Այսպես, ըստ գրողի մատենագիտության տվյալների («Ակսել Բակունց. կենսագրություն և մատենագիտություն», 1960, էջ 98-110) Բակունցը մամուլում նոր գեղարվեստական երկեր հրապարակել է 1924-ին՝ 4, 1925-ին՝ 14, 1926-ին՝ 20 և մեկն առանձին գրքով («Գալուստի վիկը») = 21, 1927-ին՝ 11-ը մամուլում, 3-ը «Մթնաձոր» ժողովածուի մեջ («Այու սարի լանջին», «Մթնաձորի» չարքը», «Լառ-Մարգար») և 1-ը առանձին գրքով («Հովնաթան Մարչ») = 15, 1928-ին ընդամենը 2 նոր գեղարվեստական երկ, 1929-ին 4-ը մամուլում, 3-ը «Սպիտակ ձին» ժողովածուի մեջ («Սպիտակ ձին», «Ձմռան մի գիշեր», «Նամակ ռուսաց թագավորին») = 17 ։ Համառոտված. 1924՝ 4, 1925՝ 14, 1926՝ 21, 1927՝ 15, 1928՝ 2, 1929՝ 7։

Այս տվյալների մեջ կլինեն որոշ պակասներ, բայց ընդհանուր առմամբ նրանք ճիշտ են արտացոլում գրողի գեղարվեստական նոր հրապարակումների պատկերը 1924-1929 թթ․։ Անշուշտ, որևէ մեկ տարվա մեջ հրապարակած երկերի քանակը չի կարող լիովին ճիշտ ցույց տալ նույն տարում հեղինակի գրած երկերի քանակը։ Բայց այս դեպքում պետք է նկատի ունենանք, որ բերված տվյալները վերաբերում են փոքրածավալ երկերի՝ պատմվածքների և ակնարկների (բացառությունը «Հովնաթան Մարչն» է), և ապա մեծ մասամբ այդ երկերը հրապարակվել են գրվելուց քիչ ժամանակ անց։ Այնպես որ, բերված թվական տվյալները զգալի չափով ցույց են տալիս նաև յուրաքանչյուր թվականին Բակունցի գրած գեղարվեստական երկերի մոտավոր քանակը: Նկատի ենք առել նաև Բակունցի գյուղատնտեսական գործունեության ծավալը նշված տարիներից յուրաքանչյուրում:

Այսպիսով, հիշյալ տարիներից պատմվածքներով ու ակնարկներով ամենից քիչ «ծանրաբեռնվածը» 1928 թվականն է, այդ տարի Բակունցը հրապարակել է մի պատմվածք՝ «Տրանզիտ vfa Բայանդուր» («Խորհրդային Հայաստան», հուլիսի 8) և մի ակնարկ «Օձի բերանից» («Խորհրդային Հայաստան», հուլիսի 22), երկուսն էլ ստույգ է, որ գրել է նույն 1928-ին։ Թե ուրիշ ինչ գեղարվեստական երկեր է գրել այդ թվականին, ճիշտ ասել դժվար է, բայց 1929-ի սկգբից «Կարմրաքար» վեպի հատվածների հրապարակումն ինքնըստինքյան ասում է, որ 1928-ին նա աշխատել է այդ վեպի վրա։ Վերը հիշված հանգամանքները մտածել են տալիս, որ այդ տարի գրողը հիմնականում զբաղված է եղել հենց «Կարմրաքարը» գրելով։

«Կարմրաքարի» մասին կան պահպանված որոշ այլ տեղեկություններ։ Օրինակ, 1932 թ. հունիսի 5-ին Բակունցի ձեռքով գրված ինքնակենսագրության մեջ (գրվել է «Հոկտեմբեր-նոյեմբեր» տարեգրքի համար) կա այսպիսի նախադասություն. «Գրել եմ երեք գիրք՝ «Հովնաթան Մարչ», «Մթնաձոր» և «Սպիտակ ձին» և անավարտ տպած «Կարմրաքար» վեպը» (ինքնագիրը պահվում է Ե. Չարենցի անվ. գրակ, և արվեստի թանգարանում)։ Ինչպես տեսնում ենք, Բակունցը չի գրել անավարտ մնացած «Կարմրաքար» վեպը, այլ նշել է անավարտ տպած վեպի մասին։ Եթե նախադասության մեջ