Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/625

Այս էջը հաստատված է

թողնենք միայն «Կարմրաքարի» մասին ասվածը, կունենանք «Գրել եմ... անավարտ տպած «Կարմրաքար» վեպը», այսինքն՝ վեպը գրել եմ, բայց տպելը մնացել է անավարտ։ Սա, կարծում ենք, լուրջ վկայություն է այն մասին, որ ինքնակենսագրությունը գրելու ժամանակ՝ 1932 թ. ամռանը, հեղինակը «Կարմրաքարը» ավարտած է եղել։

Փոքր-ինչ առաջ՝ նույն 1932-ի մարտի 10-ին «Գրական թերթում» (№ 2) Բակունցի մասին գրված է․ «Նա որոշ ակնոցներով ճանաչում էր Զանգեզուրի հին գյուղը և վերարտադրում էր այն յուրահատուկ ումգնությամբ։ Ո՞ւր է վերակառուցման շրջանի Ակսելը։ Նրա տուտը դեռ չի երևում։ «Կարմրաքարն» առայժմ միայն մի բան է վկայում, որ Ակսելը որոշ իմաստով վարպետ է հին գյուղը նկարագրելիս։ Բայց նա «Կարմրաքարի» հաջորդ մասերի վրա թուխս է նստել։ Մենք չենք պահանջում, որ նա շտապի «Կարմրաքարը» լույս աշխարհ հանել առանց իր ուզածի պես մշակման ենթարկելու։ Այդ կլիներ անհեթեթ և վնասակար պահանջ։ Սակայն իրավունք ունենք Ակսելից նույնպես պահանջելու, որ նա մոտենա սոցիալիզմի կառուցման գիգանտներին, որ նա նույնպես «վերակառուցվի»։ Մեզ հետաքրքրող հարցի կապակցությամբ այստեղ կա որոշ վկայություն, այն, որ եղել են «Կարմրաքարի» չհրապարակված մասեր, որոնց վրա գրողն աշխատել է, որ նրան ինչ-ինչ մեղադրանքներ ու պահանջներ են ներկայացրել այդ առթիվ։ Այստեղ չի ասված, որ Ակսելը պետք է ավարտի վեպը, այլ միայն խոսք կա վեպի հաջորդ մասերի մշակման մասին, որ նշանակում է, թե այդ մասերը եղել են (և դա հայտնի է եղել ժամանակակիցներին)։

Այժմ մի քանի խոսք վկայություններից ամենակարևորի մասին։

1959 թ. մի շարք անգամ այցելել ենք Ա. Բակունցի այրի Վարվառա Չիվիշյանին, նրա բնակարանում։ Զրուցել ենք գրողի կյանքին վերաբերող շատ հարցերի մասին, և այդ զրույցները մեզ օգնել են Բակունցի կենսագրությունը գրելիս։ Մասնավորապես «Կարմրաքար» վեպի մասին տիկին Չիվիջյանը հաղորդեց հետևյալը։ 1931 թ. «Կարմրաքարը» գրված է եղել, բացի վերջին գլխից, որտեղ պետք է պատկերվեր համատարած կոլեկտիվացումը և Կարմրաքար գյուղում կոլտնտեսություն ստեղծելը։

Վ. Չիվիջյանը պատմում էր, որ 1930-31 թթ. «Կարմրաքարի» ավարտով Հետաքրքրվել է Հայաստանի կոմկուսի Կենտկոմի այն ժամանակվա առաջին քարտուղար Ա. Խանջյանը: Դա զբաղեցրել է նաև Ե. Չարենցին, որը նույնպես շտապեցրել է Բակունցին:

1931 թ. Պետերհոֆում (այժմ Պետրոդվորեց) սկսում է գործել Գիտնականի տուն կոչվող ստեղծագործական հանգստյան տունը։ Ա. Խանջյանի միջնորդությամբ, նույն թվականի վերջերին, Բակունցը մեկնում է Պետերհոֆ՝ «Կարմրաքարը» ավարտելու հատուկ նպատակով։ Պետերհոֆում գրողը մնում է շուրջ երեք ու կես ամիս։ Վերադառնում է նախատեսված ժամանակից շուտ (ըստ կնոջ պատմածի գրողը փախել է հյուսիսի սառնամանիքից,- ընդհանրապես ցրտից խուսափում էր)։

Նույն վկայության համաձայն Պետերհոֆում Բակունցը «Կարմրաքարը» ավարտել էր, մնացած են եղել խմբագրման ու մշակման որոջ աշխատանքներ։ Ի դեպ Վ. Չիվիջյանը վկայում է նաև, որ գրողը Պետերհոֆից բերած է եղել նոր գրած մի քանի պատմվածքներ ևս։

Վ․ Չիվիջյանի պատմածների ստույգ լինելը հաստատվում է նաև հետևյալ իրողությամբ։ Նրա պատմածի համաձայն, Պետերհոֆում եղած ժամանակ Բակունցը մտերմացած է եղել այնտեղ հանգստացող հայտնի մանկագիր, թարգմանիչ Ս. Մարշակի հետ։