Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/630

Այս էջը հաստատված է

անձնական ծանոթություն ունենալու էլ կարողացել է կերտել առաջնակարգ գեղարվեստական կերպարներ, վարպետորեն պատկերել վայրերը, որոնք ինքը երբեք չի տեսել։ Դրա լավագույն օրինակները գտնում ենք «Խաչատուր Աբովյան» պատմավեպում: Բացառված չէ, որ «Կարմրաքարի» որոշ հատվածներն էլ այդպիաիք լինեն։

* * *

«Կարմրաքար» վեպի պահպանված հատվածները հայ գրականության մեջ բացառիկ են գյուղի կենցաղի, սովորությունների գեղարվեստական պատկերման և մանավանդ գեղջկական տարաբնույթ կերպարների կերտման տեսակետից։ Ավան ամին, ջաղացպան Անդրին, Ունանը, Տեր Նորընծան, Արզումանը, ուստա Նազարը, Իսոն, Խոջա Հիբանը, Մկրտումը, Եփրեմը, Գոգին և մյուսները իրենց կերպարային շոշափելի անհատականացմամբ, որպես գեղարվեստական բարձրարժեք քանդակներ, հազվագյուտ են ամբողջ հայ գրականության մեջ։ Այժմ այդ կարգի հայ գյուղացիները վերացել են ասպարեզից, և նրանք այսօրվա ընթերցողին հանդիպում են և ապրում, խոսում, գործում «Կարմրաքարում»: Հերոսի խոսքի միջոցով կերպար ստեղծելու տեսակետից էլ «Կարմրաքարը», թերևս, անմրցելի է հայ գրականության մեջ. հիշենք Արզումանի բնորոշ, գունեղ արտահայտությունները, որոնցով կենդանի, ընդգծված անհատականություն է մեր առջև գծագրվում։

Հայոց Ժողովրդային խոսքի հարստությունները նույնպես վարպետորեն են դրսևորված «Կարմրաքարում»․ ժողովրդային խոսքի նուրբ մշակում, նրա արտահայտչական գունագեղությունը տեղային բարբառայնությունից հմտորեն զտելու առաջնակարգ նրբազգացություն,- ահա թե ինչով է բնորոշվում «Կարմրաքարի» խոսքային արվեստը։ Այս տեսակետից Հ. Թումանյանը, երևի, ավելի խոշոր հետևորդ չունեցավ, քան Բակունցն է։

Իսկ գյուղական կյանքը՝ պատկերված տարվա տարբեր եղանակներին, գարնան վարը, ամառվա քաղհանը, աշնան հունձը, ահավոր անձրևն ու հեղեղը, գյուղամիջի Բոլոր քարի շուրջ տեղի ունեցող զրույցները,- ամենը անկրկնելի են. և եթե երբևէ մեկը որոշի անցյալի հայ գյուղական կյանքը քննության առնել, ավելի վարպետությամբ նկարված, կենդանի, դիպուկ ու մանրամասն պատկերներ, քան ունենք «Կարմրաքարում», հազիվ թե գտնի։

ճիշտ է, երբեմն զգացվում է «սոցիալականն մոտեցման 1920-ական թթ. պահանջը, բայց համեմատած նույն ժամանակի ուրիշ հայ գրողների երկերի հետ «Կարմրաքարում» դա նվազագույնի է հասնում, մեծ գեղագետ-վարպետի, իրապաշտ-արվեստագետի վրձինը գույներն ընտրել է հիմնականում իր «ներքին» արվեստագետի մղումով, արտաքին ազդեցությունները «Կարմրաքարի» գոնե «նոր ուղիում» տպագրված մասում երրորդական են։

«Կարմրաքարի» կերպարների պատկերասրահում մասնավորապես Ավան ամին ուշագրավ է նաև նրանով, որ այդ կերպարի հետագա զարգացումը գտնում ենք Բակունցի երկու այլ ստեղծագործություններում։ «Կարմրաքարում» Ավան ամին հայ նահապետականության և՛ գաղափարախոսն է, և՛ ներկայացուցիչը, նա վեպում հեղինակի կերտած գլխավոր դրական հերոսն է, նաև հեղինակային կատարելատիպին առավել