Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/631

Այս էջը հաստատված է

չափով մոտեցած մի կերպար։ «Կարմրաքարում» հայ նահապետականությունը դեռևս պահպանվում է, բայց արդեն բավական խարխլված է, վեպի տողերում պարզ զգացվում է Ավան ամիի և Տեր Նորընծայի տագնապը նահապետականության անխուսափելի ու վերջնական խարխլման համար։ Դրա նշանները «Կարմրաքարում» շատ են՝ Խոջա Հիբանի որդիների կամայականություններից ու սղոցարանի կառուցումից սկսած մինչև Արզումանի արհամարհանքը գյուղի նկատմամբ և գյուղից հեռանալու որոշումը։ Ավան ամին եռանդով պայքարում է այդ երևույթների դեմ։ Նա պայքարելու ավյուն ու եռանդ էլ ունի։ Թեև դա դոնքիշոտյան պայքար է։

Այս կերպարի զարգացումը տեսնում ենք «Մինա բիբին» պատմվածքում (տե՛ս Երկերի այս հրատ․ 1-ին հատորը)։ Այստեղ Ավանը պայքարելու ասպարեզ չունի, քանի որ հայ նահապետականության հարցը լուծվել է անդարձ կերպով։ Հին հայկական գյուղը իր նահապետականությամբ արագ մահանում է, և ծերացած Ավան ամին, որ գյուղում մնացել է իր «պառավի»՝ Մինա բիբու հետ համակերպվել է իր վիճակին։

«Հին տունը» պատկեր-պատմվածքում (տե՛ս Երկերի այս հրատ. 2-րդ հատոր, նաև՝ ծանոթագրությունը) Ավան ամին բոլորովին մենակ է և կյանքի վերջին օրերն է ապրում։ Նա շարունակում է մնալ նահապետականության գաղափարախոս, բայց բոլորովին անհույս ու ժամանակավրեպ:

Ծանոթագրություններ ըստ էջերի և տողահամարների

էջ 90, տողեր 18-22. «Հագարացոց աշխարհից»- հայերը հագարացի կոչել են արաբներին (ըստ Հին կտակարանի արաբները ծագել են Աբրահամի մտերմուհի Հագարի որգուց՝ Իսմայելից), սակայն Տեր Նորընծայի պատմածն այնպես է ընթանում, որ ստացվում է, թե իբր Հագարացոց աշխարհը լեզգիների իշխանության տակ է եղել։ Լեզգիները Կովկասի լեռնաբնակ ժողովուրդներից են։

էջ 91, տող 10. Զաքաթալայի թեմումը- Զաքաթալան ու շրջակայքը եղել են հայկական հին բնակավայր։ Գտնվում է Կովկասյան լեռնաշղթայի հարավային լանջերին։ Այժմ մտնում է Ադրբեջանական ՍՍՀ կազմի մեջ։

Էջ 92, տող 4. արանի թուրքերը, էջ 92, տողեր 21-22. Գնում էր տափարակի թուրք գյուղերը- նկատի ունի Բարկուշատ գետի հովիտը, որ հնում հայկական բնակավայր է եղել հայտնի իր բերքառատությամբ: Գտնվում է Զանգեզուրից արևելք՝ Բարկուշատ և Հագարու գետերի հովտում (այժմ Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմում է)։ Գորիսի շրջանի լեռնային գյուղերից հայերը հաճախ էին գնում այդտեղ աշխատանքի կամ ադրբեջանցիներից ցորեն ու բրինձ գնելու։ Բակունցի երկերում հաճախ է հիշատակվում այդ վայրը, նաև՝ Գետեր, Գետամեջեր, հարկաշատի տափարակ, Բարկուշատ անուններով (տե՛ս նաև այս հրատ. 2-րդ հատորում «Հերոս նոքարը», «Կաղնու գերանը», «Եղբայրության ընկուզենիները» և այլ պատմվածքների ծանոթագրությունները)։

էջ 104, տող 2, էջ 105, տող 12. «Հող էիր և անդրեն հող դարձար»- արտահայտությունը ըստ Աստվածաշնչի է․ «հող էիր և ի հող դարձցիս» (Ծննդ. Գ․ 19), «Ելցէ հոգի ի նոցանէ և դարձցին անդրէն ի հող» (Սաղմ. ՃԽԵ)։