Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/637

Այս էջը հաստատված է

Բակունցը նրան հանդիմանել է, Անանյանը հիշում է իր և Բակունցի միջև տեղի ունեցած այս խոսակցությունը.

«- Լավ է. լա՛վ է,- ձեռքներս շփում էի ես։

Նայեց ինձ հանդիմանանքով ու թախիծով.

- Իսկ գիտե՞ս, որ չորի հետ թացն էլ են վառում... անմեղներ էւ կան. երեխաներ... կանայք...»։

Ահա հանձին որոտման որդու՝ Պեդեյանի, գրողը փորձել է ներկայացնել այն անհատին, որի նմանների «ջանքերով» էր տեղի ունենում այդ ամենը։

Բակունցը իբրև նյութ ընտրելով որոշակի իրադարձություններ և, հավանաբար, որոշակի անձ, գեղարվեստական ընդհանրացում է կատարել պատկերելով ամեն մի հրահանգի տառին մեքենայորեն հլու, ստեղծագործական ոգի, շրջապատի մարդկանց նկատմամբ սեր չունեցող անձնավորություն։

Գրողն այդ արել է երգիծանքի, ավելի ճիշտ խայթածաղրի միջոցով, և այսօր տեսնում ենք, որ Բակունցի երգիծական տաղանդը «Հովնաթան Մարչից» հետո «Որդի որոտման» վեպում ավելի բարձր մակարդակի է հասել։ Լենինականի կայարանի և շարժվող վագոնի ներսի պատկերումները, երկախոսությունները իրենց վառ, կենդանի գույներով հայ երգիծական գրականության լավագույն էջերից են։

Մենք չկարողացանք պարզել, թե ով է եղել Ի. Պեդեյանի նախակերպարը, բայց որ այդպիսին եղել է, կարելի է ենթադրել երկի գլխավոր հերոսի պատկերման մի քանի մանրամասնությունից։ Բովեր գյուղի նախավայրը կարող է թվալ զանգեզուրյան. այդպիսի փոքր, լեռնային, «մոռացված» գյուղեր նկարագրելու նախասիրություն Բակունցն ունեցել է (տե՛ս «Մրոց», «Աքարում», «Գյուլբահարի համար», «Սաբու» և այլ պատմվածքներ ու ակնարկներ)։ Սակայն երկում կա մի հատված, ըստ որի Բովերի բարձունքից երևում են Արաքսն ու Արարատը (էջ 252, տողեր 16-22), որով բացառվում է Բովերի նախավայրի զանգեզուրյան լինելը։ Բովեր անունը գրողն, ըստ երևույթին, առել է Լոռուց. այնտեղ այս անունով գյուղի ավերակ կա Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղի մոտ։ Բովեր անունով ձմեռանոց կա Ալավերդու շրջանի Շնող գյուղից մոտ 4 կմ. դեպի հարավ։ Ենթադրում են, որ հնում այդտեղ եղել է մետաղաձուլարան (բով բառից)։

Ժամանակին «Որդի որոտմանը» աղմուկ հանեց ինչպես «Ծիրանի փողը» (տե՛ս ծանոթագրությունները Երկերի այս հրատ. 1-ին հատորում)։ «Որդի որոտմանը» նաև օգտագործվեց գրողի դեմ նոր ամբաստանությունների համար (տե՛ս, օրինակ, «Գրական թերթ», 1936, օգոստոսի 25): Ծանոթագրություններ ըստ էջերի և տողահամարների

էջ 234, տող 1 և այնուհետև. Որդի որոտման- այսինքն՝ որոտի որդի։ Այս անունով Հիսուսն անվանել է իր երկու աշակերտներին՝ Հովհաննես և Հակոբոս եղբայրներին (Մարկ. Գ, 17)։ Փոխաբերական իմաստով որդի որոտման ասում են անհնազանդ, հոխորտացող, ստամբակ մարդկանց։