Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/641

Այս էջը հաստատված է

մասին։ Աբովյանը ապրումներ է ունենում և վերհիշում իրենց վերելքը։ «Գործ Մայրանա» գլուխը Աբովյանի ետդորպատյան շրջանին է վերաբերում։ Ուստի հատվածները դասավորեցինք հետևյալ կերպ՝ 1. «Լիբեր Արմենիեր», 2. Դեպի լյառն Մասիս, 3. Գործ Մայրանա, դստեր Մկրտումի:

Չբացատրված է մնում հետևյալը. ինչու 1935 թ․ «Խորհրդային գրականություն» ամսագրում պահպանված հատվածներից վերջինը տպագրվել է 1-ին համարում, առաջինը՝ 2-րդ և 3-րդ համարներում։ Գուցե գրողը նախապես մտադիր է եղել ամսագրում տպագրել միայն «Գործ Մայրանան», և այն խմբագրություն հանձնելուց հետո ինչ-որ պատճառով որոշել է հրապարակել նաև նրան նախորդող մասը։ Ամեն դեպքում այս իրողությունը մի լրացուցիչ ապացույց է այն բանի, որ Բակունցը տպագրության է հանձնել վեպի տարբեր մասերից առանձին հատվածներ և ոչ բնավ մի ամբողջություն։

Ուղղումներ

Որպես բնագրային հիմնական աղբյուրներ ընդունված վերոհիշյալ հրապարակումների բնագրերում կատարել ենք մի շարք անհրաժեշտ ուղղումներ։ Կետադրական ճշտումներից բացի (շատ են բացված ու չփակված չակերտները, ավելորդ գծիկները և այլն, որոնք ուղղել ենք, միակերպ ենք դարձրել մի շարք բառերի ու անունների գրություններ, ինչպես, օրինակ, միրզա ամի և Միրզա ամի, միրզամ և Միրզամ զուգահեռներից պահպանել ենք մեծատառով սկսվողները՝ Միրզա ամի, Միրզամ: Կամ Սեյիդ էհսան և սեյիդ էհսան զուգահեռներից գերապատվությունը տվել ենք սեյիդ էհսան-ին, սարդար և Սարդար ձևերից ճիշտ ենք համարել փոքրատառով գրված տարբերակը, մյուսներն ուղղել ըստ այդմ։

Քարավան բառաձևը մի քանի անգամ է գործածված և միայն մի անգամ քարվան ձևով, դարձրել ենք քարավան:

«Լիբեր Արմենիերի» բնագրում զուգահեռաբար գործածված են պոստ-մեյստեր և պոստմեյստեր ձևերը. գերմաներեն Postmelster-ն է, ուստի ամենուրեք պահպանել ենք պոստմեյստեր ձևը։ Նույնի հիման վրա բուրգ-մեյստեր-ը դարձրինք բուրգմեյստեր (գերմ. Blirgermeister): Նույն բնագրում առկա են՝ քարե-տախտակ և քարե տախտակ, Եղսան-հոքիր և Եղսան հոքիր ձևերը, պահպանել ենք քարե տախտակ-ն ու Եղսան հոքիր-ը, մյուսներն ուղղել ըստ դրանց։ Զուգահեռաբար գործածված Վիրաբ և Վիրապ ձևերից պահպանել ենք Վիրապ-ը։

«Գործ Մայրանաո»-ի բնագրի հեղինակային խոսքում ամենուրեք թանգ ձևն Է գործածված (թանգության և այլն)․ դարձրել ենք թանկ (թանկություն):

Վեպի պահպանված բնագրերում անգծիկ տպված մի շարք կրկնավորներ գծիկով ենք դարձրել, ինչպես՝ շատ-շատ, կողք-կողքի, դիմաց-դիմաց, կտուց-կտցի, ծալ-ծալ. նկատի ենք առել, որ Բակունցի երկերի բնագրերում կրկնավորները նաև գծիկով են գրված լինում, օրինակ, «Գործ Մայրանա»-ի՝ ԽԳ-ի բնագրում միևնույն պարբերության մեջ (էջ 387) անգծիկ դիմաց դիմաց-ի մոտ առկա է գծիկով՝ հազար-հազար:

Այստեղ ևս հեղինակային խոսքում եղած քցել խոսակցական-ուղղագրական ձևը դարձրել ենք դասական՝ գցել, հերոսի խոսքում՝ պահպանել։ Մուգ բառը իր լրացյալի