Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/650

Այս էջը հաստատված է

ԱՐԴՅՈՔ ԱՎԱՐՏՎԱ՞Ծ է ԵՂԵԼ ՎԵՊԸ

«Խաչատուր Աբովյանը» սովորաբար անվանում են անավարտ վեպ և գրողի երկերում դնում են «Անավարտ էջեր» խորագրի տակ (օրինակ, 1955, 1964 թթ. հրատարակությունների մեջ)։ Սա թյուրիմացության արդյունք է։ Այժմ էլ թույլ են տալիս այլ սխալ, ասում են, վեպն ավարտված է եղել, և որ իբր ամբողջ վեպը բաղկացած է եղել հենց տպագրված հատվածներից։

Այժմ կարող ենք գրեթե վստահորեն ասել, որ 1936 թ. մայիսի 15—ին (երբ Բակունցը մեկնեց Մոսկվա) վեպը ավարտված էր: Դրա համար կան վկայություններ:

Գրականության և արվեստի պետական կենտրոնական արխիվում (Մոսկվա) պահվող Գոսլիտիզդատի ձեռագիր նյութերի մեջ, կան գրություններ, որոնք վերաբերում են գրողի այս երկին։ Դրանց մի մասը հրապարակվել է «Գրական թերթում»՝ 1963, № 30։ Այս հրապարակման մեջ նախ ուշադրություն է գրավում Գոսլիտիզդատի խմբագիր Վ. Գոլցևի մի նամակը և բաժնի վարիչ Ռյաբինինայի գրությունը, երկուսն էլ գրված 1935 թ. ապրիլին։ Սրանցից պարզվում է, որ Բակունցը նամակ է գրել Գոսլիտիզդատին (հավանաբար, մարտի 31—ին հեռագիր էլ է տվել) խնդրելով, որ իր վեպը 1935 թ. հրատարակչական պլանից տեղափոխեն 1936 թ. պլանը։ Այս առթիվ ապրիլի 2—ին Ռյարինինան գրել է իր եզրակացությունը, որի մեջ մասնավորապես ասված է. «Բակունցի վեպի վերաբերյալ պայմանագիրը պետք է տեղափոխել 1936 թ., [այժմ] պայմանագիր կնքել պատմվածքների գրքի համար»։

Գոլցևի նամակում (Բակունցին հղած) նույն հարցի կապակցությամբ կա ասված հետևյալը.

«Շատ հարգելի ընկեր Բակունց.

ՍՍՀՄ ժողովուրդների ստեղծագործությունների խմբագրության վարիչ ընկ. Ռյաբինինան ինձ ծանոթացրել է Ձեր նամակի բովանդակությանը։ Մեր ընդհանուր կարծիքն այն է, որ ավելի հետաքրքիր է Ձեր նոր վեպի հրատարակումը Գոսլիտիզդատի կողմից։ Բայց քանի որ այն դեռ պատրաստ չէ, ապա կարծում ենք պետք է ընդունել Ձեր նովելները հրատարակելու մասին Ձեր առաջարկը»։

Կնշանակի՝ Բակունցը խնդրել է իր վեպը 1935—ի պլանից տեղափոխել 1936—ի պլանը՝ պատճառաբանելով, որ այն դեռևս ավարտված չէ և խնդրել է նաև 1935—ի պլանի մեջ մտցնել իր պատմվածքների ժողովածուն (այն լույս տեսավ նույն 1935—ին «Девушка Хонар» վերնագրով: Սա նշանակում է նաև, որ գրողը ավելի վաղ դիմել է Գոսլիտիզդատին՝ իր վեպը 1935 թ. պլանի մեջ մտցնելու խնդրանքով, այսինքն՝ հույս է ունեցեք այդ թվականին ավարտել այն, բայց չի հասցրել։ Ուրեմն, 1935—ի սկզբներին վեպը ավարտից շատ էլ հեռու չի եղել։ Որոշ նյութերից երևում է, որ վեպը մտած է եղել Հայպետհրատի և Գոսլիտիզդատի 1936 թ. պլանների մեջ։ Հայպետհրատը, որքան մեզ հայտնի է, մինչև 1936 թ. իր ամբողջական թեմատիկ պլանները չի տպագրել, այս թվականից է սկսել դրանց հրատարակությունը, և կա 1936 թ. թեմատիկ պլանը (կազմող Մ․ Սեմերջյան)։ Ցավոք, այդ գրքույկը լույս է տեսել 1936—ի օգոստոսի 9—ից հետո (թողարկման տվյալներում կա՝ «Ստորագրված է տպագրության 20 օգոստոսի»), երբ Բակունցի որևէ երկ այլևս որևէ պլանում արտացոլված լինել չէր կարող։