Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/656

Այս էջը հաստատված է

Բակունցը հիշեցնում է նաև Բոդենշտեդին գրած Աբովյանի մի նամակում ասվածն այն մասին, որ «վճել է թողնել ռուս պետական ծառայությունը, Հայաստանի ներսի մասը գնալ և այնտեղ իր պապերի հետ երկրագործությամբ պարապել»։ «Հայաստանի ներսի մասը» միայն նշանակում էր Օսմանլուի Հայաստան, որովհետև ռուսական սահմաններում այդ անունը արդեն չէր հոլովվում (էջ 49)։

Եվ այդպես, բազում փաստերի ուսումնասիրությունից Բակունցը հանգում է այն եզրակացության, որ Աբովյանը որոշում է ընդունել փախչել և իրականացրել է այդ որոշումը։

«Մի անակնկալ առիթից նա վճռել է օգտվել ազատվելու համար ծանր միջավայրից, փնտրելու «նոր տուն, նոր հայրենիք», որի համար կիսատ է թողել բոլոր գործերը, դրպրոցի հանձնումը, որ սկսել էր, ընտանիքը, որից դառնաղի գանգատներ նա առաջ էլ գրել է և բռնել է մի ուղի, որ կարող էր տանել նրան կամ դեպի ազատագրումն այդ հոգսերից, միջավայրից, որից այնքան դառնացած և հուսահատված էր, որտեղ չուներ ամուր կռվան,— և կամ դեպի խորխորատ, դեպի մահ։ Վերջին հուսահատ փորձն էր անում նա, մի փորձ, որ լոգիաբար գագաթնակետն էր նրա մինչ այդ արած բազմաթիվ ապարդյուն ճիգերի» (էջ 32)։

Բայց ո՞ւր է փախչում։ Բակունցի մտորումներին ուշադիր հետևելիս՝ դժվար չէ նկատել, որ այդ ուր—ը շատ էլ էական չէ նրա տեսակետի համակարգում: Թեև նա այդ հարցն էլ է ուսումնասիրման առարկա դարձրել։ Նա ցույց է տալիս, որ դեպի հյուսիս փախչելը անիմաստ էր, քանի որ նախ՝ դա թաքուն պահել գրեթե անհնար էր, և ապա՝ այդ օրերին Ռուսաստանում մոլեգնում էր խոլերան։

Բակունցը բերում է մի շարք դիվանական ստույգ վավերագրեր, որոնք վկայում են, թե ինչպես 1840—ական թվականներին և մանավանդ բուն 1848—ին Ռուսական կայսրության իշխանության տակ գտնվող Հայաստանի մասից շատ հայեր անհատներ, ընտանիքներ, գյուղեր անցնում էին Թուրքիա (էջ 54), և դա այն ժամանակ հայտնի բան էր։ Այդ փաստերը Բակունցին, ինքնաբերաբար, բերում են այն եզրակացության, որ Աբովյանը կարող էր հանգել մի որոշման, թե փախուստի ամենադյուրին ուղին Թուրքիայի միջով է անցնում։ «Ո՞ւր էր գնում,— հարց է տալիս գրողը,— Գերմանիա՞ թե «Հայաստանի ներսը», դժվար է գուշակել» (էջ 55)։

Բակունցի տեսակետը հետագայում սխալ են ներկայացրել, ճիշտն, ահա, այն է, որ գրողը ենթադրել է, թե Աբովյանը Երևանից, Ռուսական կայսրությունից փախչելու նպատակով անցել է կայսրության հարավային սահմանը (Թուրքիայի հետ ունեցած), իսկ թե ուր է որոշած եղել գնալու և հաստատվելու, Բակունցը թողել է առկախ:

Գրողի կարծիքով Աբովյանի փախուստին ազդակել է նաև 1848 թ. այդ նույն ժամանակաշրջանում Եվրոպայում բռնկված հեղափոխության լուրը։ Այս առթիվ էլ նա գրում է այդ լուրի հնարավոր ազդեցության մասին, «...մենք հարկ ենք համարում հայտնել, որ այդ անհրաժեշտաբար ոչ մի կապ չունի հեղափոխությանը մասնակցած որևէ կազմակերպության աշխարհահայացքի համոզված հետևորդ լինելու հետ,— այսինքն հեղափոխության լուրը միայն առիթ էր, արտաքին հարված, որ նրան տեղից շարժեց այնպիսի նպատակով, որ անմիջական ոչ մի կապ չուներ 1848 թվի հեղափոխության հետ» (էջ 52)։

Գրողի այս ասածը ևս հեագայում անճիշտ է ներկայացվել։