Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/66

Այս էջը հաստատված է

շահբահավերը վախից թևին տվին, կռնչալով թռան և ավելի հզորացրին աղմուկը, որից Հովնաթան Մարչը քիչ մնաց հավասարակշռությունը կորցներ և ընկներ ծանծաղուտը։

- Թշնամին փախուստի դիմեց կամ նորից դարան մտավ,- հայտարարեց Անթանոսյանը։

- Հուսահատվելու չէ, շուտով եղեգնուտը կվերջանա․․․

Եվ իրոք, կես ժամ հետո արևի ճառագայթներն արդեն թափանցում էին եղեգնուտի կիսախավարը, ճահճուտն ավելի էր նոսրանում, արահետը լայնանում էր։ Եվ երբ Անթանոսյանը 10 ոտքը դրեց տափարակի վրա ու պատրաստվում էր ուրախությունից բացականչելու, նրա առաջ, անհայտ էր, թե ո՞րտեղից, տնկվեց մի մարդ, երկար մահակը ձեռքին։

- Բա որ հայվանին սպանեիր․․․

- Ի՞նչ հայվան։

- Գոմեշին, չտեսա՜ր․․․

- Մի՞թե գոմեշ էր, մի՞թե․․․

- Դե լա՛վ, անց կացեք․․․ Փորձանք էիք բերելու գլխիս։

Երբ նրանք քիչ հեռացան, երկար մահակով մարդը նրանց հետևից ձայն տվավ,

20 - Պապիրոս չունե՞ք, թութունս հատել ա։

Բարի՜, միամիտ ցեղ, պարզասիրտ ու անոխակալ.․․ Հովնաթան Մտրչի ալքերը ոչ միայն ժպտացին, այլ ժպիտից հալվեցին, ինչպես աստղերը լուսաբացին։ Եվ այնքան ափսոսաց, որ ծխող չէ։

- Սուրճ հրամեցեք, պատվելի բարեկամ։

֊ Չէ՛, Էդ բաներում չկանք,- պատասխանեց մարդն ու հեռացավ եղեգնուտի ստվերում նստոտած գոմեշների կողմը։

Կածանը քանի գնում, այնքան բարակում էր, բաժանվում էր մանրիկ ճյուղերի, որոնցից ամեն մեկը տարբեր 30 ուղղությամբ էր գնում։ Մեկը ձգվում էր բարակ լարի պես. կորչում ու հալվում տափարակում, մի ուրիշը հասնում էր խորխորատի և կտրվում, երրորդը միանում էր լայն ճանապարհին։

Քիչ հետո նրանք բարձրացան դիմացի բլրակի գլուխը։ Հովնաթան Մարչը գլխարկը հանեց և ողջույն տվավ այն երկարին, որ Արաքսի մյուս ափին է, և որի հողն էլ նույնքան հարթ է, կածաններով ու քարոտ։