Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/660

Այս էջը հաստատված է

հակադրվում իր զրույցներում՝ Աբովյանին որպես ընդգծված կերպով դրական գործիչ ու գրող ներկայացնելով և նրա մասին վեպ գրելուն ձեռնարկելով։

1934 թ. Խորհրդային գրողների համամիութենական առաջին համագումարում արտասանած իր ճառի մեջ Բակունցը դարձյալ հիշատակում է Աբովյանի անունը։ Նա նշում է, որ ժողովուրդների բանտում, ինչպիսին էր ցարական Ռուսաստանը, փոքր ժողովուրդները գրական հսկաներ տալ չէին կարող, բերում է Աբովյանի օրինակը՝ համառոտակի ներկայացնելով նրա կյանքի ուղին, «Վերադարձավ Հայաստան Նիկոլայ I-ի գազանային ռեժիմի օրոք, նա անհայտացավ»,- նշում է Բակունցը և ավելացնում՝ «Կարդալով նրա՝ մեր գրականության նշանավոր մարդու ժառանգությունը, հետևելով նրա աճին,- իսկ նա անհայտացավ բոլորովին երիտասարդ,- ես կարող եմ այստեղ ամբողջ ձայնով հայտարարել, որ հայ ժողովրդի զարգացման բնականոն պայմաններում Աբովյանը կդառնար շատ մեծ դեմք» («Правда», 1934, № 234)։

Նույն ճառում Բակունցը ուշադրություն է հրավիրում փոքր ժողովուրդների, հատկապես հայության պատմական անցյալի վրա և ասում, որ այդ ամենը «գրողները լիովին պետք է օգտագործեն»։ Ապա խոսքը մասնավորում է գեղարվեստական պատմական ժամանակագրության ժանրի վրա։ «Մեր գրողների պարտականությունն է քննել դրանք (ժամանակագրությունները), ուսումնասիրել, վերցնել նրանց էպիկականությունը, խստությունը, լեզվի գունեղությունը, արտահայտությունների հարստությունը և բառերի ուժեղ տնտեսումը, որ չափազանց բնորոշ է գեղարվեստական ժամանակագրությունների համար» (ն. տ.)։

Համագումարը տեղի է ունեցել 1934-ի օգոստոսին. այդ թվականին Բակունցը աշխատում էր «Խաչատուր Աբովյան» վեպի վրա, և համագումարի ամբիոնից այդ շրջանում իրեն զբաղեցնող երկու հարցերի մասին է նա խոսել Արովյանի և պատմական երկի ժանրի։

100 տարվա վաղեմություն ունեցող դորպատյան նկարահանումներն իրենց տպավորիչ գույներով ոչնչով չեն զիջում Բակունցի գյուղական կտավներին։ Գրողը ոչ միայն մեկ դար առաջ, այլ հենց վեպը գրելու տարիներին և առհասարակ երբևէ չի եղել Դորպատում, նրա մոտակայքում, մերձբայթյան որևէ երկրում։ Նա չի եղել նաև 100 տարի առաջվա Երևանի թաղերում, Չարսու բազարում, որոնց պատկերումներն էլ այսօր դասական են ու անգերազանց հայ գրականության մեջ։

Ինչպես իր գրեթե բոլոր երկերում, «Խաչատուր Արովյանի» պահպանված հատվածներում նույնպես Բակունցը բազմաթիվ պատկերումներ է կատարել իրականից։ Միայն այն տարբերությամբ, որ եթե բակունցյան պատմվածքների, մյուս երկերի մեջ գործող շատ հերոսների նախակերպարներին գրողը անձամբ ծանոթ է եղել կամ տեսել է, ապա «Խաչատուր Աբովյան» պատմական վեպի շուրջ 100 տարի առաջ ապրած նախակերպարներից որևէ մեկին Բակունցը, բնականաբար, անձամբ ծանոթ լինել կամ տեսնել չէր կարող։ Գրողը նրանց ծանոթացել է պահպանված վավերագրերի, հուշերի, նամակների շնորհիվ։

Ինչպես Բակունցի այլ երկերում, այստեղ ևս նախակերպարներ ունեցող հերոսների կողքին կան նաև այնպիսիք, որոնց նախակերպարները չեն հայտնաբերվել կամ որոնք գուցե և չեն ունեցել նախակերպար, այլ գրողը նրանց մեջ կենտրոնացրել է տարբեր անձանց գծեր։