Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/665

Այս էջը հաստատված է

մօրուք, երկայն հասակ։ Ի վախճանի թողի ցաւօք զհայրենակիցն իմ և գնացի ի տուն» (ն. տ., էջ 66-67):

Դժվար չէ նկատել, որ չերքեզի հետ կապված պատմությունը Բակունցը հիմնականում օգտագործել է իր հերոսի մեջ եղած հայրենասիրական կրակը ցուցադրելու համար, և օրագրից վերը բերված քաղվածքում շատ բան կա, որ տեղ է գտել Բակունցի վեպում։ Չերքեզի մասին առաջին անգամ լսելն իսկ Աբովյանին խիստ հուզում է․ «սիրտ իմ լցաւ խնդութեամբ, ամենայն երակք իմ խազային ջերմ արիւնք ի լսել իմ զանուն աշխարհակցիս. ա՜խ, զիա՞րդ քաղցր է հայրենակիցն զիա՞րդ աշխարհակիցն. յայսմ չգտանէ զանազանութիւն պանդուխտն ի հայրենեաց, եթէ մահմեդական իցէ, եթէ քրիստոնեայ, միմիայն զի իցէ աշխարհակից» (ն. տ., էջ 66)։ Այստեղ ինքն Աբովյանն է, և այս գրառման էությունն է, որ Բակունցը հմտորեն օգտագործել է «Լիբեր Արմենիեր» գլխի 12-րդ մասում։

Ըստ օրագրերի՝ Աբովյանը մի շարք անգամ այցելել է հիվանդ չերքեզին (անունը օրագրերում չկա,— Համզայ—ը Բակունցի տված անունն է). «Ո՜չ ուրեք գտնալ զհանգիստ, կամեցայ գոնէ առ ի սուղ ինչ հեշտացուցանել զիս, գնալ առ երեկեան հիւանդ աշխարհակիցն, չերքեզ։ Ես գնեցի 20 կոպեկի քաղցրաւենիս և գնացեալ առ նա յուրախութիւն ինձ գտի փոքր—ինչ առողջ... ես ետու նմա գնուէր իմ. «ա՛ռ, եղբայր, քաղցր երկրակից իմ», և ի տեսանելն նորա զայս, ուրախութեամբ էառ ի ձեռանէ իմմէ և գլուխ տուեալ ինձ շնորհակալիլ, սկսաւ յիւր բարբառ, այլ աւաղ, զի ես ոչ հասկացայ։ Սիրտ իմ փլաւ ի դառնութենէ. օտարութիւնս և ի հայեցմանէ յաշխարհակիցն, աչք իմ լցան արտասուօք. ես համբուրեալ զսիրելի երկրակիցն իմ, դարձայ լալագին ի տուն» (ն. տ., էջ 69)։

Նման նկարագրություններ կան նաև օրագրերի այլ էջերում (88, 92, 145, 148)։

Վեպի միևնույն մասում Բակունցը այլ հերոս էլ է պատկերել՝ մայոր Տերյոխինին։ Սա ևս Դորպատյան օրագրերից է առնված։ Նրանցում հիշվում է Դորպատի կայազորի պետ մայոր Տրուխինը, որին Աբովյանը այցելում է՝ խնդրելով բարելավել չերքեզի վիճակը․ (Յելանելն իմ անդի, գնացի առ գրնիզիննոյ մայեօր Տրուխին» (ն. տ., էջ 95), այլ տեղում՝ «Աստի գնացի նոյնպէս ի ցուրտ եղանակի առ մայեօր Տրուխին, նա ընկալավ զիս սիրով և խոստանայի վաղիւն պատասխանել խնդրանաց իմոց» (էջ 96)։ Սակայն Աբովյանը դրական արդյունքի չի հասնում։ Ավելին, վերջին այցելությանը մայորը նրան անտեղի սպասեցնում է, և դուրս գալով ներքին սենյակից չոր պատասխան տալիս, «չերքեզն ձեր է խռովարար ոք՝ յորոց երկու հարիւր ընկերք են, և առաքեն ի քաղաք ինչ վասն լինելոյ սօլդատ, այլ նա յաղագս հիւանդութեանն մնացեալ է աստ» (էջ 99):

Պարրոտը և նրա կինը սրտացավ վերաբերմունք են ցույց տվել չերքեզի նկատմամբ և խրախուսել են Աբովյանին օգնել նրան։ Ի վերջո չերքեզին առաքում են «Այլ թէ զի՞նչ էին յանցանք այսր ողորմելոյն, ոչ՛ ոք կարաց իմանալ, և նա առաքեցաւ յՕրենսբուրգ, ուր ասէին, թե գոն և այլ 200 ընկերք նորա» (էջ 149)։

Բակունցը օրագրերում սպրդած Տրուխինի ոչ բարյացակամ գծերը վեպում խտացրել է մայոր Տերյոխինի դաժան կերպարում, իսկ Պարրոտի և նրա կնոջ վերոհիշյալ բարեհոգի վերաբերմունքն էլ չերքեզի նկատմամբ, արտահայտել է նրանով, որ վեպում Աբովյանի միջնորդության կապակցությամբ մայորի մասին Պարրոտն ասում է.