Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/69

Այս էջը հաստատված է

- Դողայր և Հովնաթան Մարչ։

Արևը խոնարհվեց Հունչից դադրած և տուն դարձող մշակի հոգնածությամբ։ Եվ այդ խոնարհվող արևը արցունքի կաթիլներ քաղեց Հովնաթան Մարչի աչքերից այն ժամանակ, երբ նա եղեգնից շինած տաղավարի ճեղքից նայում էր արևին։ Մեկ էլ պիտի արևը տեսնի՞, թե գիշերվա մութի մեջ սարսափելի և սուսերամերկ մարդիկ պիտի գան, միսը կտոր֊կտոր անեն և փղշտական գանգը ջարդեն կացնով, ուղեղը շաղ տան, օձերին, կարիճներին տան։

10 Անթանոսյանը պապանձվել էր։ Պահակի առաջին խոսքը նման էր կռունկների երամի մեջ արձակած գնդակի, որից ցրիվ են գալիս շարքերը, վախից խառնվում, կռնչում և իզուր փորձում շարքերը վերականգնելու։ Առաջին խոսքը՝ ստո՛պ, գնդակի պես եղավ, և մտքերը շաղ եկան։

- Հայրենակից, աս ո՞ւր ընկանք...

Անթանոսյանը արտասվեց և արցունքից խեղդվող ձայնով իզուր փորձեց Մարչին հիշեցնել այն առասպելներից մեկը, որի հերոսը եղել է Խոր Վիրապի կալանավորը։ Մի՞թե զոհ չի պահանջում գաղափարը։ Սակայն այդ սպեղանի չեղավ և ոչ էլ 20 պաղ ջուր հրդեհվող մտքի համար։ Ի՜նչ է բերելու արևածագը։

Պահակը տաղավարի առաջ իրիկվա ընթրիքն էր պատրաստում։ Շուտով ջոկատի պետը պիտի գար։ Բայց ինչ ծիծաղելի դեմք ուներ նա, որ բարձրահասակ էր, բարակ ու երկար վզով։ Իսկ մյուսը...

- Բուրժո՛ւյ,- ժպտաց պահակը ու գդալով ընթրիքը խառնեց։

Մութն ընկավ։ Մի քիչ հետո երևաց ջոկատի պետը, ճրագի լուսով նայեց նրանց, լսեց զինվորին և փորձեց հասկացնել մերթ Անթանոսյանին, մերթ Մարչին, որ սահմանի մոտ որս 30 անելու համար հարկավոր է հատուկ իրավունք և որ իրենք ազատ են այժմ, սակայն խորհուրդ չի տալիս գիշերով գնալ, ճանապարհը չեն գտնի։

- Կարճ գիշեր է, շուտով կլուսանա,- ասաց նա։ Հովնաթան Մարչը համոզված էր, որ զինվորականը իր մահվան դատավճիռն է կարդում և հայտնում է, թե ինչո՞ւ են սպանում, ինչպես պիտի մորթեն։ Իզո՜ւր աշխատանք․․․