Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/692

Այս էջը հաստատված է

եղել, Բակունցն իր երկում այն բաժանել է իրար հակադիր երկու մասերի՝ Կյորես և Գորիս:

Գրողը Կյորես է անվանում Գորիսի Շենը, այսինքն՝ փոքր բլուրների վրա, երեք ձորակներում, մեծ մասամբ այրերի մեջ կառուցված հինավուրց գյուղը, որը այս երկը գրելու ժամանակ դեռ կար, իր վերջին ժամանակներն էր ապրում։ Գորիս անունը գրողը տալիս է հարթավայրի վրայի նորակառույց գյուղաքաղաքին։

«Կյորեսը» գրելիս՝ Բակունցն անընդհատ հարցուփորձ անելիս է եղել Գորիսի Շենի՝ Կյորեսի, առավել տարեց բնակիչներին. նրանցից են առնված փոքրիկ պատմությունների, Շենի նշանավոր մարդկանց մականունների, բնութագրումների մի մասը, մյուս մասը Բակունցն ինքն է հիշել, մանկության և պատանեկության տարիներին ու հետո տարբեր առիթներով նա լսել է այդ անձանց մասին։

Մենք մի շարք անգամ եղել ենք Զանգեզուրում և հատկապես Գորիսում՝ Բակունցի նախակերպարների հետ կապված հարցեր պարզելու նպատակով։ 1961 թ. «Կյորեսի» կապակցությամբ զրուցել ենք շատ գորիսեցիների հետ։ Երիտասարդներն ու միջին տարիքի գորիսեցիները չգիտեին «Կյորես» երկում հիշատակված անուններով մարդկանց։ Իսկ որոշ տարեց բնիկ գորիսեցիներ շատերին էին հիշում։

Պարզվեց, որ «Կյորեսում» հիշված գրեթե բոլոր անձինք իրական մարդիկ են եղել՝ մեծ մասամբ միևնույն կամ փոքր—ինչ այլ անուններով։ Իրական են, օրինակ, Գյուրջի Օբին, Ցուլ Օհանը, Ղաթրինի Աղալոն, ժամհար Պարսեղը, Դարզի Վաները, Մալակրովնի Նիկոլայը, բեյերը (Մաթևոս, Խուրշուդ և այլն), Կիզակով Իսակը և ուրիշներ։

Բնիկ կյորեսեցի, ութսունչորսամյա (1961—ին) Դանիել ամին (Դանիել Ղուկասյան) հիշում էր «քյասիբ», բայց քաջ կյորեսեցի Գյուրջի Օբու և հաղթանդամ Քյալա (ցուլ) Օհանի մասին Շենում պատմվող մի քանի ավանդություններ։ Դրանք նա լսել էր մեծերից իր մանկության օրերին։ Մի ուրիշ բնիկ կյորեսեցի՝ Աթանաս Սարդարյանը, պարզվեց, որ Քյալա Օհանի ծոռն է իր մոր կողմից։ «Կյորեսում» Գյուրջի Օբու և Ցուլ Օհանի մասին պատմվածքները հիշյալ ավանդություններից են։

Այս երկու կյորեսեցիների հետ, նաև Վոլոդյա Մինասյանի ուղեկցությամբ, մենք մի ամբողջ ցերեկ շրջել ենք ավերված Շենում․ երկու տարեցները ցույց տվեցին «Կյորես» վիպակում հիշվող նշանավոր կյորեսեցիների, այդ թվում Ցուլ Օհանի և Գյուրջի Օբու ավերակ տները։ Ցույց տվեցին նաև Շենի թաղամասերը, շրջապատի բնությունը՝ Արեգունին կամ Գյունեյ թաղը, Ղաթրինի ձորը, Միջին Մահալը, Շոր աղբյուրը, Լաչին քերծը (որի բարձունքից, ըստ «Կյորեսի», իրեն ցած է նետել Ծմակի Խաչին, բղավելով քանդվես դու, Գորիս)։ Նույնությամբ մնում են նաև Լաստի խութ կոչվող ժայռը, Շենը Գորիսից բաժանող ձորն ու գետը (Վարարակն)։ Իրոք կա Մատուռի ձոր, եղել է թագավորական ռուսաց դպրոցը (շկոլ)՝ երկդասյան, որոնք նույնպես հիշվում են «Կյորեսում»։ Երկում հիշվող Շհարի տախտը այն հարթավայրն է, որտեղ կառուցվել է նոր Գորիսը։

Պահպանված է «Կյորեսում» նկարագրված հին ճանապարհը, որն սկսվում է Շենից, գետի աջ ափով՝ ջրաղացների մոտով ձորից բարձրանում է ու հասնում այն տափարակը, որտեղ առաջ Գորիսի շուկան է եղել։ Շուկան չկա (տեղափոխված է այլ վայր), բայց պահպանված են (Կարապետյան փողոցի սկզբում) հին շուկայի որոշ խանութներ։ Մնում է Դավթարխանայի շենքը (այժմ հյուրանոց), Սասուն գրատան զբաղեցրած շինությունը