Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/696

Այս էջը հաստատված է

դրական կերպարներ է ստեղծել պարզապես օգտագործելով իրական շատ անձանց հատկանիշներ ու փաստեր։

«Կյորեսը» Բակունցի մյուս երկերի նման հայկական ազգայինի, յուրահատուկի խտացում է, այդ տեսակետից գրողի լավագույն երկերից մեկը։ Ինչպես այլ դեպքերում, այստեղ ևս գրողը խիստ բնորոշ զանգեզուրյանը գեղարվեստական ընդհանրացմամբ հասցնում է իսկական համազգային արվեստի բարձրության։ Ապա նաև՝ այս երկի մեջ Բակունցի արած հակադրությունը վեր է բարձրանում նաև նահապետական հայ գյուղի և քաղքենիական վաճառաշատ քաղաքի հակադրության զուտ ազգային մակարդակից և հասնում ընդհանրապես բարոյականի ու հակաբարոյականի հակադրության համամարդկային մակարդակի։ Միայն «Կյորեսը» լավ թարգմանության է կարոտ, քանի որ նրա լեզվի ու ոճի ազգային բնույթը ևս ուժեղ է. պետք է այն նույնարժեք արտահայտություն գտնի այլ լեզուներով կատարվելիք թարգմանությունների մեջ։ Առայժմ այդպիսի թարգմանություն չկա։

Ծանոթագրություններ ըստ էջերի և տողահամարների

էջ 412, տողեր 2—3 О tempora, О mores — լատիներեն է, նշանակում է՝ օ՜ ժամանակներ, o՜ բարքեր։ Հին Հռոմի նշանավոր հռետոր Մարկոս Հուլիոս Ցիցերոնի խոսքն է, որ նա ասել է Հռոմի սենատում ապստամբ Կատիլինայի դեմ արտասանած իր առաջին ճառի մեջ (սկսվում է այսպես՝ «Վերջապես, մինչև ե՞րբ դու պետք է չարաշահես մեր համբերությունը, Կատիլինա»։ Հետագայում և այժմ «Օ՜, ժամանակներ, օ՜, բարքեր» ասել ու ասում են այն դեպքում, երբ շատ ակնառու անարդարություն են նկատում (ուզում են ասել, իբր՝ ժամանակներն ու բարքերը որքան են փոխվել դեպի վատը) կամ ընդհանրապես երբ ուզում են շեշտել ժամանակի բարքերի որևէ բնույթը։ Բակունցը իբրև բնաբան բերելով Ցիցերոնի արտահայտությունը՝ ուզում է ընդգծել, որ «Կյորեսը» գիրք է բարքերի մասին, որ իր երկում տարբեր ժամանակների ու տարբեր բարքերի բախում է նկարագրված։ Ցիցերոնի խոսքին կցելով իր Օ՜ Զանգեզուր, Օ՜ Կյորես տողը՝ չափածոյի բնույթ է տվել խոսքին (և դա գրողից պահպանված միակ չափածո կտորն է, թեև նա չափածո երկեր գրել է)։

Էջ 412. տող 22. Շեն— Գորիսի Շենը Հայաստանի հնագույն գյուղերից է եղել, զանգեզուրյան բնորոշ քարանձավային բնակավայր՝ տեղաբաշխված երեք ձորում, բարձունքին՝ տեղական իշխանի (մելիքի) բերդը, թաղերից՝ Գյունեյը, Միջին մհալը և այլն (տե՛ս վեջը)։ 1926 թ. վերջերին որոշում է կայացվում գյուղը տեղափոխել գետի մյուս ափը՝ տափարակ (Շհարի տախտ), ուր կառուցվում էր նոր Գորիսը։ Եվ աստիճանաբար հնագույն այդ բնակավայրը լքվեց, դարձավ ավերակ։ 1950—ական թթ․ Շենի լքված քարայրներում բնակություն էին հաստատել Ղարաբաղից ներգաղթած հայերը։ Այժմ հին Շենի տեղում բնակելի նոր շենքեր են կառուցում (Շենի մասին տե՛ս նաև Երկերի այս հրատ. 1—ին հատորում՝ «Բրուտի տղան» և «Հյումբաթի ձոր» երկերի ծանոթագրություններում)։

էջ 412, տող 25—էջ 413, տողեր 1—2. որի լեզվից վախենում էր մինչև անգամ քաղաքագլուխ Մաթևոս բեյը— այստեղ և այսուհետև խոսքը վերաբերում է 1910—ական թթ. Գորիսի քաղաքագլուխ Մատթեոս Տեր—Գրիգորյանին, որի դեմ 1915 թ. հոլիսի 26—ին Բակունցը ֆելիետոն է հրապարակել Շուշիի «Փայլակ» թերթում (№ 26)՝ «Մաթվել