Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/7

Այս էջը հաստատված է


ՀՈՎՆԱԹԱՆ ՄԱՐՉ

1

Հուլիսի շոգ օրերից մինն էր։ Արևն այնպես էր այրում, ասես մտադիր էր կրակ թափելու արտերի ու այգիների վրա, ծծելու գետերի ջրերը, որպեսզի գոմեշները չկարողանան թաղվել ջրի մեջ և իրենց հաստ կաշին ազատել արևի խանձող շողերից։ Ո՞վ գիտե, արևն ուրիշ էլ ի՛նչ մտադրություն ուներ, սակայն կարևորն այն է, որ հուլիսի այդ շոգ օրին, արևի տակ, ժամանակը կորել էր, հալվել, անհնար էր որոշել ժամը, թեկուզ ժամացույցները զարկում էին դողէրոցքով տառապողի թույլ երակի պես։

Եվ երբ գնացքը փոշոտ ճամփով գլորվող գոմշասայլի պես մոտեցավ կայարանին, հերթապահին թվաց, թե ցեխի մեջ թաթախված գոմեշների մի երամակ ահռելի փնչոցով կանգնեց կայարանի առաջ, փնչոցո՛վ, որ նշանակում էր՝ Օ՜ֆ, շոգ է:

Ինչքա՜ն դանդաղ ու չկամ, գնացքից դուրս եկան ուղևորները, որը քրտինքը սրբելով, որը բաճկոնի կոճակները մինչև գոտին արձակած, մի խուրջին ուսին, թաշկինակով կրծքին հով անելով։ Կայարանի ստվերում թիկն տված երկու մուշա հենց այդտեղից էլ ձայն տվին իջնող ուղևորներին, թե ով իր ունի տանելու, և երբ պատասխան չեղավ, նորից գլուխները թեքեցին, թառամած արևածաղկի պես։

Ոչնչով հիշատակելի չէր դառնա հուլիսյան այդ շոգ օրը, եթե գնացքը, որպես թանկագին բեռ, շատ զգուշությամբ այդ օրը չբերեր և Հովնաթան Մարչին։ Եվ երբ նրա ամերիկյան դեղին կոշիկը դիպավ գետնին, կոշիկի տերը ժպտաց։ Հավանորեն