Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/702

Այս էջը հաստատված է

«Զանգեզուր» այս մեծ բեմագրից բացի պահպանվել է նաև փոքրը (15 էջ), որի ենթավերնագրում կարդում ենք՝ Համառոտ լիբրետտո (ներկա հատորում այն գրված է Այլ խմբագրում բաժնում)։

Մեծ բեմագրի վերջում, առանձին էջի վրա գրողը կցել է անհրաժեշտ հիշատակարանը, որը տեղեկացնում է բեմագրի ստեղծման ժամանակի մասին:

Հիշատակարան

Հազար ինը հարյուր երեսունհինգ թվի սեպտեմբեր երեսունին սկիզբն եղավ Երևան քաղաքում և ավարտվեցավ հազար ինը հարյուր երեսունվեց թվի հունվար քսաներեքին, օգնականությամբ զանգեզուրցի մի խումբ կոմունարների, որոնց հեղինակը երախտապարտ է:

***

«Զանգեզուրից» առաջ Հայկինոյի պատվերով Բակունցը գրել է այլ բեմագրեր՝ «Սե թևի տակ» (կոչվել է նաև՝ «Ազդանշան ջրվեժի մոտ»)՝ 1930, «Արևի զավակը»՝ 1933, «Ալագյազ» (կոչվել է նաև՝ «Լեռնային իրողություն», «Տրագեդիա Ալագյագի վրա»)՝ 1935: Առաջին երկուսը նկարահանվել են նշված թվականներին, երրորդը ստույգ չգիտենք՝ նկարահանված եղել է, թե ոչ (տեղեկություն՛ առել ենք Դ. Դզնունու «Հայկինոն տասը տարում» գրքից (Երևան, 1935, էջ 65) և «Խորհրդային Հայաստան» թերթից՝ 1935, № 188): Մի փաստաթուղթ ցույց է տալիս, որ Բակունցին առաջարկվել է գրել նաև մի այլ բեմագիր։ Պահպանված է 1936 թ. հունիսի 27—ին ՀԽՍՀ ժողկոմխորհին առընթեր կինոարդյունաբերության վարչության (Պետֆոտոկինոյի) պետ Դ. Դզնունու հեռագիրը՝ ուղղված Մոսկվա, ռեժիսոր Պ, Բարխուդարյանին։ Այնտեղ ասված է. «Խոսեցեք Բակունցի հետ. Ձեզ համար գրվելիք բեմագրի վերաբերյալ՝ հայ ժողովրդի ուրախ, ստեղծագործ կյանքի մասին» («ՀՍՍՀ Հոկտեմբերյան հեղափոխության և սոցիալիստական շինարարության պետական կենտրոնական արխիվ, ֆոնդ 704, ցուց. 1, գործ 6, թերթ 18): Այդ ժամանակ «Զանգեզուրի» բեմագրի կապակցությամբ Բակունցը նույնպես գտնվում էր Մոսկվայում։ Արդյոք խոսե՞լ է Պ. Բարխուդարյանը գրողի հետ կամ եթե խոսել է, ինչ հետևանք է ունեցել այդ խոսակցությունը, անհայտ է։

***

«Զանգեզուրը» գրվում էր այն ժամանակ, երբ Բակունցի դեմ ուղղված քննադատությունը սաստկանում էր, և գրողի բարեկամները, այդ թվում Ա. Խանջյանը, հորդորում էին նրան գրել այնպիսի երկեր, որոնք պետք է լռեցնեին քննադատներին։ «Զանգեզուրը» սկսել է գրվել հենց Ա. Խանջյանի՝ 1935 թ. գարնանն արած առաջարկով։ 1936 թ. առաջին ամիսներին «Զանգեզուրի» բեմագիրը երկու անգամ քննարկվել է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ա. Խանջյանի մոտ հրավիրված խորհրդակցությունում։ Ընդհանուր առմամբ բեմագիրը դրական է գնահատվել (հմմտ. Դ. Դզնունի, Ուրվագիծ Հայաստանի կինեմատոգրաֆիայի պատմության, Երևան, 1961, էջ 69—70)։ Միաժամանակ, ինչպես