Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/71

Այս էջը հաստատված է

առավոտ։ Եվ այդպես էլ մնաց Հովնաթան Մարչի համար։ Դժբախտաբար հնարավորություն չկա ստուգապես ասելու, թե Հովնաթան Մարչն ապրե՞ց իր աշունը և հարցրե՞ց իրեն այնպես, ինչպես ես, դու, նա հարցնում ենք սիրո առավոտը մտաբերելիս։

Հյուրանոցի բաց պատուհանից Արարատի սպիտակահեր գագաթին առավոտյան բարևը տալուց հետո, Հովնաթան Մարչը մաքուր սափրվեց, հագավ իր տոնական տարազը և սպիտակ ձեռնոցները, պսպղան քորոց հագցրեց փողկապին,- մի խոսքով՝ 10 զարդարվեց հարսանիքի ուրախության շտապող հյուրի պես։

Հարսանիք չէ՞ր Նոր Եթովպիո հիմնադրումը...

Անթանոսյանը հայտնել էր նամակով, որ իրեն հաջողվել է գտնել մի զույգ իսկական եթովպացի, որոնք համաձայնվել են ոչ միայն ապրելու ապագա քաղաքում, այլև իրենց ամուսնությունը կատարելու սեպտեմբերի 4-ին։

«․․․Շատ փնտրեցի։ Մի քանի գյուղում կան եթովպացիներ և փղշտացիներ, սակայն նրանք ձուլվել են տեղացիների հետ, և նրանց արյունը պղտորվել է կասկածելի խառնուրդով։ Ալագյազի 20 կողմերից իմ ծանոթս գրում է, որ հատ ու կենտ ցրված փղշտացիք չեն մոտենում, վախենալով դրամի բարձր տոկոսից։ Ի՜նչ ասել կուզի, որ նրանց ապերախտությունը եթե մի կաթիլով էլ ավելանա, պիտի թափվի և հեղեղի աշխարհս։ Ուրանում են իրենց ծագումը։ Ես հիմա հասկանում եմ Ձեր արդար զայրույթը, երբ սուրբ էջմիածնում հանդիպեցինք Ձեր քեռորդուն։ Ոչինչ հուսահատություն, որ բաժին է փոքրոգիների։ Մենք կկառուցենք Նոր Եթովպիան, և բնակիչները կբազմանան, ուրիշ երկրներից կհավաքվեն։ Ձեր հանձնարարությունը կատարել եմ։ Տեր Հուսիկը որոշյալ ժամին տեղում կլինի։ Մշակներ եմ վարձել 30 հիմքը փորելու։ Կրաշաղախը պատրաստել եմ։ Ցնծությունը մեծ է, և աշխարհը հավետ պիտի հիշի սեպտեմբերի 4-ի օրը...»։

Ցնծությունը մեծ է, Հովնաթան Մա՛րչ, և աշխարհը եթե հիշելու է Նոր Եթովպիո հիմնադրումը, այդ օրը պիտի փաթաթի անվանդ։

Հովնաթան Մարչը պատվիրել էր սպասավորին, որ կառքեր վարձի՝ մեկ, երկու, հինգ, հյուրերին իսկույն ներս ընդունի և