Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/73

Այս էջը հաստատված է

փոխարեն դռանը դեմ արել իր ոսկեկոթ մատիտը։ Սպասավորը տեսել է և կառքում նստած Կատյային ու զորեղ մարդուն։

Եվ եթե սեպտեմբերի 4-ի առավոտյան Հովնաթան Մարչը սպասավորին պատվիրեց սանկ ճերմակ լաթերով կնոջ մասին, սպասավորը տկարամիտ լինելով հանդերձ (այդ մեզ արդեն հայտնի է) հասկացավ, որ խոսքն ա′յն կնոջ մասին է, որին կճանաչեր նա, եթե կինը սանկ սև լաթերով էլ լիներ։

Հովնաթան Մարչը մոտեցավ, մեկ-մեկ վերցրեց սեղանի վրայից այն չկնքած ծրարները, որոնց մեջ հիմնադրումն արդեն 10 նկարագրված էր։ Մնում էր միայն երեկոյան վերադառնալուց մի քանի անկարևոր նորույթներ էլ ավելացնել, ծրարները փակել ու փոստին հանձնել։

Անդրեաս Բալիքյանն իր այն վերջին նամակից հետո (հիշո՞ւմ եք, երբ Մարչը պառկել էր ու լաց էր լինում, իսկ նամակը ծիծաղում էր), մի ուրիշն էր ուղարկել։ Թե ինչո՞ւ էր նա հարմար տեսնում, որ Հովնաթան Մարչը մի քիչ էլ ավելի մնա Փոքր Ասիայի խորքերում, ինչո՞ւ նա հանկարծ, առաջին նամակից հետո, փոխել էր իր որոշումը և անորոշ խոստումներ արել միանվագ նպաստի մասին,- այդ բոլորը մութ Էր Հովնաթանի 20 համար։ Հայտնի էր միայն, որ Բալիքյանը մի այլ նամակ էր ուղարկել, այս անգամ ուղիղ Վեհափառի անունով, որտեղ նա թույլտվություն էր խնդրում... ապահարզանի։ Ո՞վ էր այդ կինը։ Այս միտքը, այս կասկածոտ միտքն անհանգստացնում էր Հովնաթան Մարչին, և նրան այնպես էր թվում, թե մեկը ոստայն է հյուսում։

Բայց այդ տևում էր միայն վայրկյաններ։ Իսկ ո՞ւմ միտքը մի վայրկյան կասկածոտ չի դառնում ամենից հավատարիմ ընկերոջ հանդեպ։ Հերիք էր, որ նա հին նամակների մեջ քրքրեր, գտներ այն կապույտ ծրարով նամակը և կարդար.

30 - Կը հիշեմ օրը, երբ մեկնեցաք և կը մխիթարեմ զիս...

Այս տողերը կարդալուց հետո կասկածն ավերվում էր, ասես թե սպունգով ջնջում էին գրատախտակին գրածը։

- Կարելի՞ է,- Մարչը հետ նայեց, բաց դռան մոտ տեսավ բժիշկ Երանոսին, քենուն՝ սանկ սպիտակ լաթերով Կատյային, Գրիգոր Լեռնականին։ Մի քիչ հետո ներս մտավ և Պետրոս Գետադարձը։