Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/74

Այս էջը հաստատված է


- Ուրախությունն աննկարագրելի է... Քաղաքում միայն դրա մասին են խոսում, Նոր Եթովպիո,- ասաց բժիշկ Երանոսը և նայեց Գրիգոր Լեռնականին, ասես հարցնում էր.

- Ճշմարիտ չէ՞...

- Այո, օրը պատմական է։ Ես հիշում եմ Բասենի կռիվը։ Երեկ ճաշին մերոնք հաղթանակով վերադառնում էին, իսկ թշնամին ահագին կորուստ տալով սարսափահար փախչում էր։

- Զգացված եմ։ Ինչո՞ւ համեստությունս կը մեծարեք։ Ես ձեզմով է, որ կը ոգևորվիմ։ Դո′ւք եք...

10 Շարունակությունն ասելիս Հովնաթան Մարչը աչքը չէր հեռացնում բժֆակի ուսանողուհի Կատյայից (օրիորդ Կատարինեից), որը ոտքերը քսում էր իրար ճիշտ այնպես, ինչպես ճանճը սեղանին ընկած շաքարի կտորը լիզելուց։

- Կառքերը սպասում են,- ասաց սպասավորը։

- Աճապարենք, աճապարենք... Այնտեղ ալ հյուրեր ունենք, պատվական հյուրեր։

ճանապարհին միայն առաջին կառքում նստողներն էին ծիծաղում։ Կատյան ինչ֊որ ուրախ պատմություն էր անում, Հովնաթան Մարչը քահ֊քահ ծիծաղում էր, իսկ բժիշկ Երանոսը 20 կարո՞ղ էր լուռ մնալ, երբ ծիծաղում էր ինքը՝ Հովնաթան Մարչը։

Երկրորդ կառքում նստողները՝ Գետադարձն ու Լեռնականը վեճի էին բռնվել։ Գետադարձը պնդում էր, որ արամեական ազգը հարավից է հյուսիս շարժվել և վկայություններ էր բերում, իսկ Լեռնականը՝ ռազմական տեսակետից անհարմար համարելով այդպիսի առաջխաղացումը, միակ ուղին ընդունում էր հարավից դեպի հյուսիս֊արևմուտք գնալը։ Եվ կարծում եք, որ եթե տասը վերստ անցնելուց հետո Պետրոս Գետադարձը լռեց, այդ նշանակում էր, թե նա համաձայնվե՞ց հակառակորդի հետ։ 30 Ամենևին ոչ։ Շուրջն ամայի տարածություն էր, առաջին կառքը բավական հեռացել էր, իսկ Գրիգոր Լեռնականը այնպես էր աղմկում, բարձր բղավում, բռունցքը օդում ճոճում... Հանկարծ բռունցքի մի հարված, Լեռնականի ոգևորության ժամին, թեկուզ պատահմամբ, իջներ Գետադարձի մագաղաթյա դեմքին․․․ Կարելի՞ է փթանոց քարով խփել պատուհանի ապակուն և կարծել թե ապակին չի ջարդվի։