Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/77

Այս էջը հաստատված է


և պատահմամբ լսեց, թե ինչպես էր քթի տակ խանում Խազալը դնդնում եթովպացոց աշխարհից մի երգ, իսկույն կանգ առավ, մի պահ մտածեց, մոտեցավ խանում Խազալին։

Ի՜նչ բարիքներ չխոստացավ... Տուն, տեղ, անկողին, կթան ու պղնձե ամաններ։ Ավո բիձան այդ իրիկուն գոմեշները քորելիս զգաց, որ իրոք, ինքն էլ, խանում Խազալն էլ հազվագյուտ մնացորդներ են հեռավոր մի աշխարհից։ Եկել է հարուստ հայրենակիցը, փնտրում է նրանց։ Չկա′ աշխարհում էլ եթովպացի չկա։ Իրենց ձեռքումն է այդ կորած ցեղին հարություն 10 տալու միակ միջոցը։ նույն երեկոյան խանում Խազալն ու Ավո բիձան համաձայնությունը տվին սեպտեմբերի 4-ին ամուսնանալու գաղթական տեր Հուսիկ քահանայի խաչով։ Մանավանդ որ Անթանոսյանը արծաթ դրեց Ավո բիձայի բռան մեջ։

Ահա այդ զույգն էր, որ վաղ առավոտյան եկել ու նստել էր տափարակում, ամաչկոտ նայում էր, մերթ տեր Հուսիկին, մերթ Անթանոսյանին։ Ավո բիձան ուզեց աշխատել, բայց նախ ավելորդ բահ չկար և ապա Անթանոսյանն արգիլեց.

- Կգա, կնեղանա, կասի՝ ինչո՞ւ թողիր․․․

Եվ Ավո բիձան փոշմանեց, որ հենց առաջին օրն իրեն վայելուչ 20 և ծանր չպահեց։ Իսկ Խազալ խանումը կամացուկ և սիրով, պառաված աղջկա սիրով, որի ամեն մի բջիջը հազար անգամ է թրթռացել մայրությամբ և որը վերջապես ոտքը դնում է երազած դարպասի քարին,- նրան հանդիմանեց։

Քարակույտի գլխին կանգնած արձանը բահը բարձրացնելը բավական չհամարելով, բարձր բոռաց.

- Եկա՜ն, եկա՜ն...

Անթանոսյանը, որ մինչ այդ տեր Հուսիկին պատմում էր, թե ինչպես Ալաշկերտի հովտում, մի գյուղում ինքը գտել է եկեղեցու ամբողջ սարք ու կարգը հորի մեջ թաղած, ինչպես է հանել իրերը,- հանկարծ բանվորի կանչին ծլունգ ելավ ու 30 կանչեց.

- Լա′րով, լա′րով...

Տեր Հուսիկն էլ վեր կացավ, փեշերից փոշին թափ տվեց, գդակն ուղղեց։

Կառքերը մոտեցան։ Առաջին իջնողը Հովնաթան Մարչն էր, որ մոտ վազեց, տեսավ փորվածքը, սեղմեց Անթանոսյանի