Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/86

Այս էջը հաստատված է

- Գնացի մոտը, ասացի՝ ղարիբ մարդ է, օգնական չունի։ Հարցրի՝ վա՛րժապետ, ո՞րտեղդ է ցավում, ձեռքը սրտին տարավ։ Աչքերն էլ մի տեսակ շաղված էին, կասես՝ գժված լիներ։ Բայց խոսելը լավ էր, հասկացնում էր։

- Իսկ վերարկուն ո՞վ է գտել,- հարցրեց քննիչը, արձանագրելով բոլոր ցուցմունքները։

- Անտոնի տղան։ Գոմեշներն ընկել էին շամբուտը, գնում է հանի, տեսնում է վարժապետի վերարկուն։ Ամենքս էլ իմացանք․․․

10 Երկու ամիս գործը այդպես էլ թերի մնաց։ Անթանոսյանը չկար, և որովհետև ոչ ոք հարցմունք չէր անում, չէր հետաքրքրվում, հետախուզական բաժնումն էլ թղթերը մնացին մի ամիս ընթացքի մեջ, հետո գործավարը կցեց զանազան գործին, շպրտեց պահարանի մի անկյունը։

Քաղաքային հիվանդանոցի հերթապահ քույրն էլ մինչև հիմա դժվար է կարողանում որոշել, թե ինչո՞ւ իր հիվանդը, այն հիվանդը, որ երկար ու բարակ վիզ ուներ, և որի մասին բժիշկը հայտնել էր, թե արևադարձային ջերմախտ ունի,- վեր էր կենում անկողնից, և եթե դահլիճում քույրը չէր լինում, 20 տաքությունից այրվող ճակատը հպում էր պատուհանի ապակուն և նայում հեռուն։

Ու քույրը միշտ զոռով էր նրան հետ բերում, պառկեցնում անկողնում։ Հիվանդը զառանցում էր, ինչ֊որ մարդկանց էր կանչում։

Մի օր էլ, հերթը փոխվելուց հետո, նույն մահճակալի վրա հերթապահ քույրը ուրիշ հիվանդի տեսավ։

- Էն մեռա՜վ,- ասաց քույրը, քնատ աչքերը տրորելով, հանդերձը հանեց և բանալիները հանձներ նոր հերթապահին։

Այսպես էլ մոռացվեց, չքացավ։ Ու մի կածան էլ հասավ, 30 կախվեց խորխորատի վրա, որպես անլուծելի հանելուկ։

Կա մի փոքրիկ սենյակ բժֆակի շենքում։ Պատերի մոտ պահարաններ, որոնց դարակների վրա շարված են մեծ ու փոքր անոթներ, բոլորն էլ պինդ փակված։ Անոթների մեջ զանազան մարդկանց, անտերունչ մեռած մարդկանց մարմնի մասերն են, սպիտակ հեղուկի մեջ։ Ահա մի ուղեղ, ծալվեծալ ծալքերով։ Նստել է անոթի հատակին տարիներ և դեռ շատ տարիներ