Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/88

Այս էջը հաստատված է

Մինչև ժամանակը երկու շրջան արեց, եկան չափեցին և բարակ առուներով ջուրը հասավ տափարակին։ Հետո հավաքվեցին մշեցիք, սուրմալվեցիք, կաղզվանցիք ու խնուսցիք, թափվեցին ամեն կողմից, հարյուրավոր ձեռքեր կռացան տափարակի վրա, քարերը ջոկեցին, փոքրիկ հողաշեն խրճիթներ շինեցին, խրճիթների մոտ՝ հավաբներ, այծ ու ոչխար բերեցին և խոպան դաշտի վրա, առվի եզերքին տնկեցին ծառեր։ Մրջյուններ էին, փորեցին, սարքեցին և գյուղը կոչվեց Նորապատ։

№ 9֊րդ հողամասի տերը շատ ուրախացավ, երբ իր տան 10 հիմքի մի մասը փորված տեսավ։ Բայց որովհետև հիմքը շատ էր երկար, ավելի լավ համարեց փորվածքի մի մասը դարձնել պետքարան։ Իջավ քարերը հանելու, և քլունգի տակ ջարդվեց այն շիշը, որի մեջ Հովնաթան Մարչը դրել էր իր սիրտը, դրել սրտի խոսքեր։ Հողամասի տերը շշի փշրանքների վրա ուշք էլ չդարձրեց։ Միևնույն է, նրանք պիտի մնային պետքարանում։

Ավո բիձա և Խազալ խանում․․․ Նորապատի վաթսուն ծխից մեկը, ծուխ երեք շնչից։ Ավո բիձան իր այծերի առաջ խոտ էր լցնում և շոյում հորթուկի մեջքը, որ պիտի մեծանար ու կով դառնար։ Խազալ խանումի գրկին կարմրաթուշ մանուկն էր, 20 ծխի երրորդ շունչը։ Մի կածան էլ միացել էր այն լայն ճանապարհին։

Հիշո՞ւմ ես, Հովնաթան Մարչ... Զարմանում էիր և հարցնում, թե ի՞նչպես է, որ չորացած, տգեղ ու կեղտոտ մոր արգանդում սնունդ է առնում և ծնվում ոսկեգանգուր մի մանուկ․․․