Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/9

Այս էջը հաստատված է

որ մայթից-մայթ անցնող մի բարեպաշտ ծերունի ընկնի կառքի տակ։

Հյուրանոցի սենյակում Հովնաթան Մարչը ճակատի քրտինքը սրբելուց հետո, գերադաս համարեց միառժամանակ մեկնվել բազմոցի վրա։ Այդ դիրքում շատ մտքեր խռնվեցին նրա գլխում, շատ հույզեր, և այդ ամենն այն երկրի շուրջը, որի ջուրը գրաֆինի մեջ էր, սեղանի վրա, Հովնաթան Մարչից մի քայլ միայն հեռու, որի արևը խաղում էր նրա պայուսակների հետ։

Սկիզբն այնքան էլ պարզ չէ, բայց հայտնի է, որ տարիներ շարունակ ատենաբանություն անելուց, ընկերություններ և մարմիններ կազմելուց ու վերակազմելուց հետո, որոնց բոլորի առանցքը եղել է հեռուներում ընկած դրախտավայր մի աշխարհ, նրա կարոտը երգելուց, նրա մասին ճառելուց ու նրա անունով հանգանակություններ անելուց վերջ, մի օր Հովնաթան Մարչը գնում է մեծատուն Անդրեաս Բալիքյանի մոտ։

Այդ լինում է օրվա այն պահը, երբ Բալիքյանի հազար ու մի կերակուրներով լեցված ստամոքսը գերիշխող է լինում նրա դատողության վրա և, սիգարի կապույտ ծուխի օղակներին ի տես, ամենից շատ փափկած է լինում նրա սիրտը,— դուռը բացվում է, դռան շեմքին երևում է Հովնաթան Մարչը։ Անդրեաս Բալիքյանը բավարար է համարում մի քանի կոճակներ կոճկել, դեպի վեր տնկված ոտքերին հորիզոնական դիրք տալ և ադամանդյա մատանիներով զարդարած փափուկ ձեռքը մեկնել Հովնաթան Մարչին։

Դուք կարծում եք՝ թե նա միայն սեղմում է Բալիքյանի մեկնած ձեռքը և նստում աթոռի՞ն։ Ո′չ, այդ օրն արտասովոր մի դեպք է կատարվում, հենց ձեռքը սեղմած ժամանակ։ Հովնաթան Մարչը Բալիքյանի առողջության մասին հարցնելուց հետո սկսում է խոսել հին հայրենիքից, բարեգործությունից և վերջացնում է հետևյալ խոսքերով.

- Ո՜վ մեծատուն, եթե կուզես անունդ հավերժացնել, որ դարեդար հիշվիս, աճապարե′, քանի դեռ ողջ ես։

Այդ բառերը զարմանալի հեշտությամբ ազդում են Անդրեաս Բալիքյանի սրտին, և այն վայրկյանին, երբ նա ուզում է բերանը բաց անել երկու խոսք ասելու, Մարչն ավելացնում է.