Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/95

Այս էջը հաստատված է

Վերջին խոսքը Ավան ամին բարձրաձայն էր ասում, որովհետև ուղղում էր ջաղացպան Անդրուն, որի լսողությունը ծանր էր։ Ջաղացպանը բարձրահասակ էր ու նիհար։ Նա ավելի բարձր էր երևում այն նեղ ու հնամաշ քուրքի մեջ, որ ամառ, ձմեռ վրայից չէր հանում։ Ալրոտ փափախն այնքան խոր էր կոխում, որ ականջի բլթակներն անգամ չէին երևում։ Փափախի տակից թաղիքի կտորների նման կախվել էին անլվա, քրտինքից իրար կպած ու կեղտոտ մազերի փնջերը։ Նրա փափախը, դեմքը, քուրքը, տրեխները, ինքն ամբողջովին՝ ալրաթաթախ 10 էր։ Փողոցով անցնողը հեռվից էլ կարող էր Բոլոր քարի շուրջը նստածների սև ու դեղնավուն չուխաների մեջ ջոկել Անդրու ալրոտ քուրքը։

Նա սակավ էր մասնակցում այդ զրույցներին։ Ջաղացը Մարցա ջրի մյուս ափին էր, գյուղի դիմաց, և եթե գյուղամեջ էր դուրս գալիս, ապա կամ ջաղացում աղուն չկար և կամ աղունատերն այնպիսի մարդ էր, որ ջաղացում մի բան պատահելուց կարող էր ջրատունը կալնել, մինչև նրա դալը։ Պատահում էր, որ զրույցի նստած ժամանակ գետի մյուս ափից կանչում էին։ Նստածներից մեկը նայում էր ջաղացի կողմը, տեսնում, որ փափախով են անում, թևով բոթում էր ջաղացպանին։ 20 Անդրին խոսքը կիսատ էր թողնում, վեր կենում և դանդաղ քայլերով գլուխը կախ հեռանում, փայտը կույրի նման քարից քար խփելով։

Այդ զրույցների ժամանակ ջաղացպանը երիտասարդներին ավելի լավ էր լսում. նրանք տաքանում էին և ձայնը բարձրացնում։ Նրանց խոսելուց ջաղացպանը հասկանում էր, թե ինչ պատասխան է տվել Տեր Նորընծան։ Եվ երբ զրույցի տաք ժամանակ Ավան ամին նրան էր դիմում, Անդրին մի պահ ձեռքի փայտով ավերում էր գետնի գծած նախշը։ Նա շատ 30 դանդաղ էր մտքինն ասում, ասես գետնի նախշը իր մտքերն էին, և զգույշ ջնջում էր այն, ինչ որ չէր ուզում ասել։

- Առաջ հողը պտուղ էր տալիս, հիմա հողը խռովել է։ Հին խոսք է, որ հողը կռիվ չի սիրում... Հիմա էլ կռաժմունքը շատ է, մարդոց մեջ լիությունը խանգարված է։ Կովը, որ կով է, էլի չարացած ժամանակ կաթը քաշում է․․․ Հողն էլ էդպես։ Երեսը հազար մեղավոր մարդ է կոխ տալիս, թքում են, արյուն