Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/104

Այս էջը հաստատված է

շրջապատը, և ո՛չ նրան էին հասկանում։ Ահա և Գուլիվերը թզուկների աշխարհում, ամենից գրավիչ գիրքը, որ իզուր չի սիրելի՝ մանուկների համար։ Ամեն ինչ զվարճալի է, նույնիսկ այն, որ այդ փոքրիկ թզուկների թագուհին էլ ունի արքայական պատվազգացություն, այնտեղ էլ կան քաղաքական կուսակցություններ և պալատական բանսարկություններ։ Ապա՝ Գուլիվերը հսկաների աշխարհում... Առաջին անգամ զգացվում է սովորական մարդու ոչնչությունը, նրա անօգնական լինելը, երբ տերերը հսկաներն են, որոնք վանդակի մեջ նրան պտտեցնում են, իբրև, մի հազվագյուտ խլեզ կամ առնետ։ Երրորդ գրքում, նկարագրելով թռչող կղզին, Սվիֆտը խտացնում է իր մաղձը, երբ քննադատում է ո՛չ թե մարդկային ընտանիքը կամ հասարակական այլ միավոր, այլ նրանց ստեղծած գիտությունը, կրոնը, արվեստը, այսպես կոչված հոգևոր կուլտուրան։ Կարելի է ափսոսալ, որ Սվիֆտը չի խնայում նույնիսկ իրեն ժամանակակից հռչակավոր Նյուտոնին, չհասկանալով նրա գյուտերի նշանակությունը, բայց այդ անտեղի ափսոսանք է, քանի որ հակառակ դեպքում Սվիֆտը պիտի հանգեր այն եզրակացության, որ կարելի է ճշգրիտ գիտության նվաճումների միջոցով դուրս բերել մարդկությանը դեպի ավելի լուսավոր ափ։ Ելքը՝ նա տալիս է չորրորդ և վերջին գրքում, նրա ամենից հանճարեղ ստեղծագործության մեջ, որ, ինչպես հայտնի է, Սվիֆտը գրել է տարերային թափով։ Ելքը՝ մարդու եհու լինելն է, մարդու ավելի ցածր տեսակի կենդանի լինելը, քան ուսյալ ձին, հուիհընհընմը, նույնիսկ նրա ծառա ձիաջորին: Կարծես այդ գրքում նա արդեն կորցնում է ստեղծագործության բոլոր կապերը շրջապատի հետ և հասնում մի սոսկալի բարձրության, որից դենը դաժան ամայությունն է։

Այնուամենայնիվ, Սվիֆտի գրքում, որքան էլ այս տարօրինակ լինի, մարդատյացությունը պայմանավորվում է նույնպիսի հիպերտրոֆիայի ենթարկված մարդասիրությամբ. Սվիֆտը, պախարակելով մարդուն և նրա գործը, կարծես նպատակ ունի հարվածելով շտկելու, թեև այդ մասին նա շատ կցկտուր է ասում։ Ճշմարիտ է, որ նա չի կամեցել գրավիչ պատմություններ հորինել, բայց խիստ է ասված և այն, որ նա նպատակ է դրել մարդուն տանջել։ Մեր կարծիքով՝ իր ժամանակի իրադարձությունների մեջ նա որոնում էր լույսի մի փոքր նշույլ, որ լուսավորեր ճանապարհը դեպի ավելի կատարյալ մարդկային հասարակություն, քան ստեղծում էր գրոհի ելած բուրժուազիան: Երբեմն