Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/105

Այս էջը հաստատված է

երևում էր այդ շողը, իսկ հաճախ մի համատարած խավար ծածկում էր ամեն ինչ՝ և՛ ներկան, և՛ ապագան։ Նա այնքան էր դառնացած իր շրջապատից, որ կամենում էր տանջել մարդուն ոչ թե առհասարակ, այլ անգլիական թագուհու արքունիքի մինիստրներին, երկու ախոյան կուսակցությունների անդամներին և բոլոր նրանց, որոնք իրենց չնչին գաղափարներով մեծամտորեն համոզված էին, թե լուծել են մարդկային պրպտող մտքի բոլոր խնդիրները։ Պատահական չէ, որ Սվիֆտը Գուլիվերի հանդիպած միակ երեխային՝ Գլումդայլկլիչին, ո՛չ միայն չի ծաղրում, ինչպես նա ծաղրում է իր նկարագրած բոլոր մարդկանց, այլ նույնիսկ շռայլում է քնքուշ արտահայտություններ։

Սվիֆտն իր գործի վրա նայել է իբրև քաղաքական սատիրայի։ Եթե նա կարճ պամֆլետներ էր գրում այս ու այն քաղաքական գործիչի դեմ կամ որևէ նշանավոր դեպքի առթիվ, ապա այս գործը մի ամբողջական պամֆլետներ էր ուղղված անգլիական արքունիքի, գիտնականների, բժիշկների, գրողների, հռետորների, աստվածաբանության և, առհասարակ, բոլոր տեսակի փիլիսոփաների դեմ։ Սվիֆտը մաղձոտ դառնությամբ է ծաղրում։ Նրա կենսագրությունից հայտնի է, որ նա սիրում էր սրախոսել, սակայն իր սուր արտահայտությունների ժամանակ երբեք ինքը չէր ժպտում։

Գուլիվերի ճանապարհորդությունները գրված են ճշմարտությունը մինչև վերջ պաշտպանող լրջությամբ։ Հենց առաջին գլուխներից ընթերցողը գրավվում է նրա ճշմարտանման նկարագրություններով, մանավանդ որ հաճախ, օգտվելով անծանոթ երկրներ նկարագրելու առավելություններից, նա պատմում է իր շրջապատի մարդկանց, նրանց հասկացողություններն ու բարքերը, բազմաթիվ պատմական դեպքեր,—և այսպիսով՝ ավելի համոզիչ է դառնում ճանապարհորդությունների գրքի ճշմարտանման լինելը։

Հեղինակի երկյուղը գրքի և իր անձնական վիճակի համար արքունիքի առաջ,— ստիպել է նրան ո՛չ միայն գիրքը հրատարակել առանց հեղինակի անվան, այլև գործածել գովեստներ շռայլելու ձևերը, որ իրականում հակառակ իմաստ ունի։ Երբ Գուլիվերը հսկաների աշխարհում գովում է Մեծ Բրիտանիան, նրա թագավորին և մինիստրներին, այդ ո՛չ միայն պատմությունը ճշմարտանման դարձնելու ձգտումն է, այլև երգիծանքը թաքցնելու ակամա ձև։ Բայց Սվիֆտի երգիծանքի անհաս մեծությունն այնտեղ է, երբ հենց այդ նույն գլխում հսկաների թագավորը