Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/108

Այս էջը հաստատված է

և հայրենասիրության ոգով, այնինչ բանվորների և գյուղացիների երեխաները չեն սովորում, որովհետև նրանք իրենց ծնողների նման պիտի մշակեն հողը:

Սվիֆտը հասարակության համար չի առաջարկում հիմնական բարեփոխումներ։ Եթե այս հարցերի մասին նա դատողություններ է անում, ապա միայն նպատակ ունենալով վատ իշխանավորին փոխարինելու ավելի մարդասեր և իմաստուն իշխանավորով։ Մարդկության պատմությունը նրա աչքին թագավորների մղած պատերազմներն են, արքունական հեղաշրջումները և վերևից նշած օրենսդրությունը։

Բայց այդպիսի խելացի թագավոր չկար։ Եվ Սվիֆտը կասկածում է, թե նույնիսկ երբևիցե այդպիսին եղել է։ Նա հոգեհարցության միջոցով ծանոթացնում է մեզ իր տեսակետներին՝ հին պատմության մասին, համոզելու, որ մեծարանքի արժանի ոչ մի անուն չկա մարդկության անցյալում։ Թեև առաջացել էր նոր ուժ, որ մի շարք անհրաժեշտ բարեփոխություններ էր առաջարկում, այնուամենայնիվ, այդ նոր ուժն էլ վերջիվերջո գռփողների և շահախնդիր ավազակների մի բանակ էր, որ եկել էր փոխարինելու հներին։

Սվիֆտը սրբազան զայրույթով է բողոքում ոչ միայն Իռլանդիայի ազատությունը խեղդելու դեմ, այլ առհասարակ նոր գաղութներ գրավելու սկզբունքի դեմ, գաղութներ, որ «հանուն թագավորի և աստծո» մեկը մյուսի հետևից գրավում էր անգլիական բուրժուազիան, իսկ նրա վարձկան գրիչները գովաբանում էին այդ ագրեսիան, որպես աստծուն և հայրենիքին հաճո հերոսություն։ Նա սուր երգիծանքով ծաղրում է և՛ «աստվածային իրավունքը», և՛ «նոր երկրների գրավելու քաղաքականությունը»։

Չորրորդ գրքում այս մասին նա հետևյալն է ասում. «Օրինակի համար փոթորիկն անհայտ ուղղությամբ տանում է մի խումբ ծովահենների, և ապա մի փոքրիկ տղա նավի կայմից նկատում է ցամաքը. նրանք ափ են իջնում, որպեսզի ավազակություն և կողոպուտներ անեն. նրանք այդտեղ գտնում են մի անվնաս ժողովուրդ, որ նրանց սիրալիր ընդունելություն է ցույց տալիս, նրանք այդ երկրին նոր անուն են տալիս և օրինական կերպով իրենց թագավորի համար տիրապետում. իբրև հիշատակ, նրանք մի փտած տախտակ կամ քար են տնկում, երկու կամ երեք տասնյակ բնիկներ են սպանում, մի քանիսն էլ նմուշի համար վերցնում են հետները, վերադառնում իրենց հայրենիքը և ներումն