Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/109

Այս էջը հաստատված է

ստանում։ Եվ այսպես` hիմք է դրվում նոր տիրապետության, որ ձեռք է բերված աստվածային իրավունքով: Առաջին պատեհ առիթով նավեր են ուղարկում այնտեղ. բնիկներին կա՛մ դուրս են քշում, կա՛մ ջարդում. նրանց իշխաններին տանջանքի են ենթարկում, որպեսզի նրանք երևան հանեն իրենց ոսկին, և անառակ ու տմարդի գործողությունների համար ազատություն է տրվում. երկիրը ներկվում է իր բնակիչների արյունով։ Եվ այդ մսագործների գարշելի խումբը, որ կատարում է նման բարեպաշտ արշավանքներ, դառնում է մի Ժամանակակից գաղութ, որ առաքված է կռապաշտ և վայրենի ժողովրդին դարձի բերելու և քաղաքակրթելու համար»։ Գաղութների հանդեպ ունեցած Անգլիայի քաղաքականության մասին Սվիֆտի այս մեղադրանքը մինչև այժմ էլ չի կորցրել իր սրությունը։

Լինելով ժամանակի առաջադեմ մարդկանցից և պաշտպանելով այն հարձակումը, որ մղում էր առևտրական բուրժուազիան հին հասարակության դեմ, Ջոնաթան Սվիֆտը միաժամանակ լինովին չի ազատագրվում ազնվականության և արքունիքի մասին ունեցած իր խոր հավատից, որ սնուցել էր Դուբլինի համալսարանը և լորդ Տեմպլի միջավայրը։ Նրա վիթխարի հանճարը ճիշտ է զգում սոցիալական չարիքը, սակայն գիտակցությունը չի բարձրանում այն աստիճանը՝ լուծելու համար այն, որ ժամանակի սոցիալական չարիքը կարող է վերանալ միայն այն դեպքում, երբ իսպառ կանհետանա մարդու շահագործումը մարդու ձեռքով։ Այս դիրքից չի նայել և չէր էլ կարող նայել Սվիֆտը. ահա թև ինչու նրան բաժին է ընկնում դառն հուսահատությունը և իմաստուն երգիծանքը, որպես փրկության միակ ելք։

Մեր ընթերցողի համար պարզ է այն, որ կեղծիքը, սուտը, ստորաքարշությունը, քսությունը, թույլին ոտնահարելը և այլանդակության փառաբանումը պատմական կատեգորիաներ են և անհետանում են մարդու, որպես սոցիալական շահագործման առարկայի, ազատագրման հետ։ Այդ տեսակետից, մեզ համար դեռևս չեն կորցրել իրենց սրությունը Սվիֆտի այդ արատները պախարակող էջերը ո՛չ միայն որպես մի ամբողջ դարաշրջանի պատմական վավերագրեր, այլև առօրյա պայքարի զենքեր։ Քանի դեռ մնում է մարդու շահագործումը մարդու ձեռքով, քանի դեռ կապիտալիստական երկրներում կա մրցակցությունը, գաղութների ստրկացումը, աշխատավոր մարդու ստորացումը, քանի դեռ ամբողջ աշխարհում մարդկային հասարակությունը չի կազմակերպված