Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/110

Այս էջը հաստատված է

իբրև մի կուռ և միասնական բանակ,— Ջոնաթան Սվիֆտի էջերն անմոռաց կմնան որպես նշավանքի հարվածներ հին հասարակարգի հանդեպ։

***

Մի քանի խոսք էլ հայերեն հրատարակության առթիվ։ Ընկ. Կարեն Միքայելյանն իր ձեռքի տակ ունեցել է Օքսֆորդի 1924 թվի հրատարակությունը, որը, սակայն, ունի մի շարք կրճատումներ։ Այդ թերությունը թարգմանիչը վերացրել է, համեմատելով Acadcmia-ի ռուսերեն հրատարակության հետ, որ թարգմանված է Հարոլդ Ուիլյամսի 1926 թվի լիակատար և հոբելյանական հրատարակությունից։ Գրքին կցված ծանոթությունները թարգմանված են ռուսական հրատարակությունից:

Ջոնաթան Սվիֆտի ամբողջական գործն առաջին անգամն է հրատարակվում հայերեն։ Այս փաստն ինքնին մի նշանավոր տարեթիվ է մեր գրականության պատմության մեջ։ Պետհրատն այդ գրքով նախաձեռնել է լույս ընծայելու համաշխարհային գրականության ականավոր գործերի շարքը։

Ինչ խոսք, որ միայն խորհրդային իշխանության օրոք էր հնարավոր այսպիսի խոշոր և մեր անցյալում նմանը չունեցող գործի նախաձեռնումը։ Այն բազմահազար ընթերցողները, որոնք գործարաններից և դաշտերից բարձրացան միայն մեր ժամանակներում, կապիտալիստական կարգերի օրոք, Սվիֆտի լեզվով ասած՝ «ճնշված եհու» էին, որոնցից երջանիկները, եթե մի կերպ հնար ունենային գրագիտություն ձեռք բերելու, հայերեն գրքերի ցանկում պիտի կարդային «Գուլիվերը հսկաների և թզուկների աշխարհում» պատկերազարդ հեքիաթը և չպիտի հասնեին մարդկային մտքի այն բարձունքներին, որին հասել է Ջոնաթան Սվիֆտը։