Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/112

Այս էջը հաստատված է

հոր՝ Վասիլիյ Գոգոլի գրած պիեսները, որոնց մի մասը ուկրաիներեն լեզվով պատկերացնում էր Ուկրաինայի մոտիկ անցյալը՝ կոզակների սխրագործությունները, նրանց կյանքն ու ասպատակները և նրանց հերոսական մահը։ Եվ, վերջապես, Գոգոլի ստեղծագործության համար պատկերների, ոճի և նյութի անսպառ աղբյուր էր այն անգիր վեպերն ու զրույցները, որ նա լսում էր բանդուրիստներից և շնորհալի պատմող մերունի կոզակներից։ Եվ «Տարաս Բուլբայի» շատ էջեր, հատկապես պատերազմի նկարագրությունները, ամբողջովին, երբեմն ընտրությամբ, առնված են այդ անհայտ պատմիչների ավանդած պատմություններից։

Գոգոլը մինչև վերջ մնաց պատմության սիրահար. նրա մեծագույն իղձերից մեկն էր՝ գրել Ուկրաինայի բազմահատոր պատմությունը, որի համար երկար տարիներ նա հավաքում էր անտիպ նյութեր, զանազան հիշատակարաններ, ձեռագրեր և այլն։ 1833 թվի դեկտեմբերին, այսինքն՝ այն ժամանակ, երբ Գոգոլն արդեն ձեռնամուխ էր լինում «Տարաս Բուլբային», նա գրում է Պուշկինին, թե որքան լավ կլիներ, եթե իրեն ուղարկեին Կիևի համալսարանի ընդհանուր պատմության դասախոս. «Ես նախօրոք արդեն սքանչանում եմ, երբ երևակայում եմ, թե Կիևում ինչպես կեռան իմ աշխատանքները։ Այնտեղ ես գրվանի տակից կհանեմ բազմաթիվ բաներ, որոնցից ձեզ դեռևս բոլորը չեմ կարդացել։ Այնտեղ ես կվերջացնեմ Ուկրաինայի և Ռուսաստանի հարավի պատմությունը և կգրեմ ընդհանուր պատմություն, որ, ինչպես հարկն է, մինչև այժմ, ցավոք սրտի, դեռ չկա ո՛չ միայն Ռուսաստանում, այլև նույնիսկ Եվրոպայում։ Իսկ այնտեղ ինչքա՜ն կհավաքեմ ավանդություններ, հավատալիքներ, երգեր և այլ բաներ»։ Ճիշտ է, որպես պատմության դասախոս նա անհաջողության հանդիպեց, և երբեք չիրականացավ նրա երազը՝ ստանալ պատմության ամբիոնի պրոֆեսորի կոչում, այնուամենայնիվ, նա հավաքեց բազմաթիվ ավանդավեպեր և յուր ծրագրած Ուկրաինայի և համայն աշխարհի ընդհանուր պատմության փոխարեն սերունդներին ժառանգություն թողեց «Տարաս Բուլբան», որտեղ պատմական իրողություն գուցե ավելի շատ կա, քան մի կարգ հաստահատոր «պատմությունների» մեջ։

Ասացինք, որ Գոգոլի գլուխգործոցը նրա «Մեռած հոգիներ» պոեմն է, Սոբակևիչի, Նոզդրևի, Մանիլովի[1] և այլ ուրիշ մեռած հոգիների անվախճան պատկերահանդեսը, որտեղ յուրաքանչյուր պորտրե

  1. 3