Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/113

Այս էջը հաստատված է

ամբողջական դեմք և բնավորություն է, նկարված հանճարեղ վրձինով, ամենաչնչին մանրամասնություններով, և որոնց խմբանկարը պատկերն է մանրակալվածքային Ռուսիայի՝ Նիկոլայ I-ի կայսրության[1] խուլ պրովինցիայի, յուր վարք ու բարքով, սովորություններով, պատկերը պրովինցիայի քաղաքի՝ քնած և քարացած, պարապությունից ապուշ կտրած ավելորդ մարդկանցով, որոնց թվում է, թե իրենք են երկրի աղը, և որոնք առհասարակ ոչնչություն են, դժբախտ չնչինություն, որը չի գիտակցում իրեն և նույնիսկ անկարող է երբևիցե հասկանալ, թե պատմությունը վաղուց է անցել իր վրայով, և արդեն վրա են հասել այլ ժամանակներ։ Իրենց կալվածքներում նստած այդ մարդիկ որևէ ակնկալություն չունեին. խխունջը մտել էր պատյանը, և նրանք գոհ էին, որ դեռ մնում են ճորտ գյուղացիները, որոնք ցանում էին, հնձում և հաց թխում, հագցնում և կերցնում էին պարապությունից և ձանձրույթից կիսապուշ բարինին, որի հեռուն գավառական քաղաքն էր, որի առօրյա զբաղմունքը բամբասանքն էր և երազահանի ընթերցումը, ամենախիզախ քայլը՝ հարևան կալվածատիրոջ տանը հրավիրած պարահանդեսին մասնակցելը։

Ռուս գրողներից և ոչ ոք այդքան վառ գույներով չի նկարել այդպիսի պորտրեներ։ Գոգոլը կամեցե՞լ է, որ ընթերցողները ծիծաղեն այդ մարդկանց վրա, որոնք կազմում էին նրա շրջապատը, թե խղճահարություն է հայցել նրանց համար, կամ գուցե կամեցել է, որ նրանց վրա ծիծաղեն արցունքն աչքերին, ինչպես ինքը,— այդ հարցերի պատասխանը դուրս է մեր հոդվածի սահմաններից։ Մեզ միայն հարկավոր է ընդգծել, որ Գոգոլի ստեղծագործության գլխավոր պորտրեները, այն մարդիկ, որոնք նրա կենդանի շրջապատն էին, և որոնց, ականջներից բռնած՝ նա դուրս հանեց պրովինցիայի խուլ խորքերից, և անմահացրեց,— այդ մարդկանց միջավայրը գորշ, անհրապույր և անհամակրելի էր Գոգոլի համար։ Այդ մարդիկ ոչինչ լուսավոր չունեին, նրանց մանր առօրյան տաղտկալի էր, նրանք ձանձրույթ էին սփռում, նրանցից բարձրանում էր նեխման դատապարտված խավի գարշահոտություն, և նրանք քայքայվում ու խարխլվում էին, ինչպես այն բնակարանը, որի պատուհանները փակ են, պատերը խոնավությունից բորբոսնել են, արևը ներս չի մտնում, ամեն ինչի վրա նստել է հազարամյա փոշին, և նույնիսկ սարդերը լքել են իրենց ոստայնները, որովհետև այդ լուռ աշխարհում այլևս կենդանի ոչինչ չկա։ Դրամա-փոխանակային

  1. 4