Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/115

Այս էջը հաստատված է

Այդպես էր Գոգոլը և նրա շրջապատը։ Երկուսի միջև հաշտություն չկար և չէր կարող լինել։ Գոգոլը բարձր էր շրջապատից. նա իրեն համարում էր մի մարգարե, որ առաքելություն ունի, մի խարազան, որի հարվածներով մարդկանց պիտի սթափեցնի։ Շրջապատի մարդիկ առհասարակ գործունյա չէին. նրանք ավելի հղփացած անասուններ էին, քան ջղերի և բանականության տեր մարդիկ։ Գոգոլը գավառից և գավառական միջավայրից փորձեց քաղաք տեղափոխվել. նրա ստեղծագործական ուղին ընկավ այն տրորված ճանապարհով, որով նույն պրովինցիայի «երջանիկ խիզախները» գնում էին քաղաք, որպեսզի տեղավորվեն որևէ դեպարտամենտում և, իբրև չինովնիկներ, շարունակեն նույն անիմաստ և անասնական կյանքը։ Գոգոլի չինովնիկները նույն մանր կալվածատերերն են, որոնք պապենական հին քուրքը փոխարինել են չինովնիկի մունդիրով։ Գոգոլի համար քաղաքի այդ մարդիկ ևս նույնքան գորշ և տաղտկալի էին։ Այդ հին միջավայրն էր, մի ընդարձակ մեռյալ ծով, որտեղ չէր խլրտում մարդկային որևէ առաքինություն[1], չկային պայծառ դեմքեր, քաջարի և կամքով հզոր մարդիկ, որոնց սխրագործություններն ու հերոսական կյանքը գոհացում տար նրա անհանգիստ ոգուն, պրպտող մտքին և վառ երևակայությանը։ Շրջապատում չկային այդպիսի մարդիկ. ապագան նա մշուշոտ էր տեսնում և սխալ։ Մնում էր այդպիսի հերոսներ փնտրել անցյալում, այն հերոսական ժամանակներում, որից մնացել էին ավանդություններ, ձեռագիր հիշատակարաններ և անգիր զրույցներ։

Այդպես ծնվեց «Տարաս Բուլբան»։

***

Սխալ և իզուր կլիներ «Տարաս Բուլբան» համարել պատմական վեպ։ Ուշադիր ընթերցողը կնկատի այն սպիտակ թելերը, որոնցով մի կերպ իրար են միացված երկի զանազան մասերը։ Կան հատվածներ, որոնք առանձին ամբողջություն են, և թվում է, թե արհեստական կերպով են հագցված նյութին։ Չափազանց պրիմիտիվ է նաև երկի կառուցվածքը, չկան բարդ հանգույցներ, որոնք առհասարակ հատուկ չեն Գոգոլի ստեղծագործության։ Եթե ընթերցումից հետո փորձեք պատմել այս երկի բովանդակությունը, կթվա թե առանձին բան չկա պատմելու, դեպքերը և նրանց կապը բազմակողմանի չեն։ Տարաս Բուլբան նույնպիսի կոզակ է, խոսում է նույն կերպ, ինչպես մյուս կոզակները։

  1. 6