Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/116

Այս էջը հաստատված է

Նրա որդի Օստապը նույն Տարաս Բուլբան է, իսկ վերջինս ոչնչով չի տարբերվում ծերունի Բովդյուգից։ Նրանք բոլորը միանման դյացազուններ են և կռվում են հավատի ու հայրենիքի ազատության համար։ Նրանք միևնույն ատելությամբ են լցված լեհ ազնվականների, կաթոլիկ հոգևորականների և հրեաների հանդեպ։ Թվում է, թե ամբողջ զորաբանակը միատեսակ մարդկանց խումբ է, ավելի ճիշտ, մի մարդ է, որից տարբերվում է միայն Տարասի որդի Անդրին։

«Տարաս Բուլբան» ճիշտ կհասկանանք, եթե այդ երկն ընդունենք իբրև նմանություն ժողովրդական ավանդավեպի. իբրև մի զրույց, որ փանդիռի նվագակցությամբ պատմում էին ուկրաինական գյուղերում: Այդ միայն մի երգ է, մի պարզ պատմություն։ Գոգոլը վերցրել է ո՛չ մի այն ավանդավեպի նյութը, այլև ձևը։ Նա պատմում է էպիկական հանդարտությամբ. նա հաճախ ընդհատում է դեպքերի ընթացքը՝ կողմնակի խորհրդածությունների համար։ Երբեմն ինքն է դիմում հերոսներին, ողբում է նրանց հերոսական մահը, երգում է նրանց գովքը, հիշատակում է մի կողմնակի հանգամանք,— և այդ եղանակով սաստկացնում է ընթերցողի հուզական տրամադրությունը։ Լիրիկական շեղումներից բացի, Գոգոլը դիմում է էպիկական համեմատությունների, չափազանցությունների և կրկնաբանությունների եղանակին, և տեղ- տեղ, պատմությունն իրականին ավելի նմանեցնելու համար, գործ է ածում պատմիչի սառն ու զուսպ ոճը։ Այսպիսով՝ «Տարաս Բուլբան» չի կարելի պատմել, որովհետև ոճի գեղեցկությունը և պատմելու բարձր արվեստը ծածկում են երկի բովանդակությունը։

Սակայն Գոգոլը պարզ նմանողությամբ չի օգտագործել Ժողովրդական ստեղծագործության ձևերը։ Այդ ձևերը նա մշակել և հարստացրել է։ Ուկրաինական «դումա»֊ները հարուստ չեն բնության տեսարանների նկարագրով, այնինչ «Տարաս Բուլբայի» մեջ պեյզաժի նկարագիրը հասնում և երբեմն գերազանցում է ռազմի պատկերներին, որոնցով հարուստ էին ժողովրդական երգերը։ Բնության նկարագիրը, որ ադամանդի մանր ու խոշոր քարերի նման հեղինակը ցրել է յուր երկի զանազան մասերում, ինչպես և ռազմի տեսարանները կազմում են մի տեսակ շրջանակներ, որոնք ավելի հոյակապ են դարձնում կոզակներին։ Կարծես պատերազմ չէ, այլ ազատ և ընդարձակ ստեպում խրախճանքի են եկել դյուցազունները։ Նրանք ամեն ինչ կարող են անել. այդ քաջերն իրենց թրերով են որոշում կարելիության սահմանը։