Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/118

Այս էջը հաստատված է

Սակայն ամփոփենք մեր դիտողությունները։

Գոգոլը զուրկ չէր ուրիշ, ավելի շքեղ աշխարհի տենչանքից։ Որքան գորշ և տաղտկալի էր շրջապատը, այնքան ավելի զորեղ էր նրա ներքին մղումը՝ այլ ոլորտներում գտնելու այնպիսի մարդկանց, որոնք հերոս էին։ Ուկրաինայի պատմությունը Գոգոլին կարող էր մատնացույց անել միայն կոզակներին, որոնց կյանքը խոր հետքեր էր թողել ժողովրդական բանահյուսության մեջ։ Եվ ահա տեղի է ունենում հոգու յուրատեսակ մի փախուստ մռայլ ժամանակից և անհրապույր շրջապատից դեպի հինը, դեպի կոզակների ազատ եղբայրության ժամանակները։ «0՜, որքան գարշելի է իրականությունը, գարշելի նրանով, որ նա հակառակ է ցնորքին»,— բացականչում է Գոգոլը յուր հերոսներից մեկի բերանով։ Ահա այդ «գարշելի իրականությունից» նրան պիտի ազատեր յուր ցնորքը, նա պիտի հասներ յուր չքնաղ պաննային, ինչպես Գոգոլ-Անդրին։ Միակ հնարավոր ելքը այդ էր։

Եվ ինչեր նա պիտի տեսներ այդ ճանապարհին։ Նրա հանճարեղ երևակայությունը պիտի ստեղծեր և հագենար այն ամենով, ինչ ամենից չքնաղն է «Տարաս Բուլբայի մեջ, ստեպը՝ արևով ողողված, նրա անսահման հարթությունը, որտեղ Գոգոլի երևակայությունը, ինչպես սանձակոտոր նժույգ, կարող էր անարգել խայտալ, նա կարող էր ճախրել ինչպես հպարտ ուրուր, նա հողմի նման կանցներ Դնեպրի առափնյա եղեգների վրայով, վարար ջրերի հետ, կաղմկեր Սև ծովի վրա և կհրդեհեր ծովը։ Ռուս գրողներից և ո՛չ մեկը չի ունեցել այդպիսի հզոր երևակայություն, և ո՛չ մեկը չի թողել այնպիսի էջեր, որտեղ լիներ այդքան արև, այդպիսի սանձարձակ տարերք և այդ տարերքի նման դյուցազուններ։