Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/12

Այս էջը հաստատված է

Նրան մնում է «երազել», «գեղեցիկ» բառեր ասել և երբեմն էլ «ծիծաղել», զավեշտի առարկա դարձնել «այն աներևույթ ձեռքը, որ կոկորդը բռնած սեղմում է, թե՝ սուս արա...»։ Հեղինակի զավեշտն էլ անատամ է, տափակ ու ձանձրալի։ Չէ՞ որ նա չգիտե՝ ինչո՞ւ է ապրում, էլ ինչպե՞ս կարող է այդպիսի օքմինը առողջ ծիծաղ առաջացնել։ Եվ նրա ամբողջ գործից նեխվածի, փտածի հոտ կա, անհրապույր և անդուրեկան։

Առաջին պատմվածքի՝ «Հորձանքի» նյութը քաղաքացիական կռիվների մի էպիզոդն է։ Հարյուրից ավելի էջերի վրա հեղինակը չի կարողացել գեթ մի տիպ նկարել, մի ցնցող դեպք, որ մնա հիշողությանդ մեջ, գրավի իր գեղարվեստական արժեքով։

Հեղափոխության սկզբին «մարդը դժգոհ էր ամեն ինչից և ամենից», — ասում է հեղինակը հենց առաջին էջում։ Բնորոշ է, որովհետև այդ մարդկանց թվում էր և հեղինակը՝ «ապրելու իմաստ ունեցող» հայ քաղքենին։ Դժվար է որոշել, թե էպիզոդը որտե՞ղ է կատարվում՝ Հայաստանո՞ւմ, թե Ռուսաստանում: Ճերմակ բանդաները դաշնակներինը չեն, այլ դենիկինցիներ են, բայց մնացած գործող անձինք հայեր են։ Ըստ հեղինակի՝ հեղափոխությունը կատարել են գյուղացիները «փիլիսոփայության դոկտոր» Արգամը և արհեստավորները։ Պատմվածքի մեջ հիշատակած միակ «դեպոյի բանվորն Սեդրակը» հեղափոխության ընթացքում միայն ժպտում է։ «Քաղքենիկական վախկոտ մտքի» համար (արտահայտությունը հեղինակինն է—Ա. Բ.) ի՞նչ կա ավելի բնորոշ, քան այն, որ «լայն որ հուժկու թիկունք» ունեցող բանվոր Սարգիսի հեղափոխության ընթացքում միայն ստատիստ է։

Այլ առակ լվարուք։ Հեղափոխությունը կատարել է «փիլիսոփայության դոկտոր» Արգամը. իր շուրջը հավաքելով «պարթև» գյուղացիներին՝ անտառում «խմբեր» է կազմում, ագիտացիա տանում «սպասավորների, լուցկիվաճառների» մեջ և հետո քաղաքը գրավում։ Եվ այդ այն ժամանակ, «երբ գյուղերը՝ մեծ մասամբ քաշված իրենց պատյաններում , գաղտագողի նայում էին դեռ անվստահ» (էջ 9)։ «Հորձանքի» հեղինակը հավատացնում է, որ հեղափոխության ժամանակ խրամատներում պառկած գյուղացիք «երազում» էին սիրուհու և ձուկ որսալու մասին։ Ավելին չի կարելի պահանջել կյանքում նպատակ չունեցող քաղքենուց, որի համար մեր նոյեմբերը միայն «հորձանք» էր։