Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/121

Այս էջը հաստատված է

Է ոչ բավարար չափով մտածված վերաբերմունքը հին ժանրերի օգտագործման և նոր ժանրերի ձևավորման նկատմամբ։ Իրոք, ինչպիսի՞ն է սովորական պատկերը։ Այս կամ այն հեղինակավոր ընկերը, գուցե և մի անգամ այն իրավացիորեն, ընդգծում է խորհրդային գրականության մեջ որևէ ժանրի օգտագործման անհրաժեշտությունը՝ լինի դա վեպի, նորավեպի ժանրը կամ մի այլ բան։ Եվ ահա գրողները փոխանակ իրենց երկերի ձևը կառուցեն բուն նյութի էությունից ելնելով, այդ նյութը խոթում են հանձնարարված ժանրի շրջանակի մեջ։ Տվյալ ժանրը դառնում է տիրապետող, դրանով գրվում են մեծ թվով երկեր, սակայն, ավա՜ղ, բնավ ոչ բարձրորակ։ Դրա հետևանքով տուժում է ինչպես տվյալ ժանրը, այնպես էլ մեր ամբողջ գրականությունը, որը պետք է որ լինի անսահմանորեն բաղմազան ու բազմահնար։ Որովհետև չկա այնպիսի ժանր, որը հնարավոր չլինի օգտագործել սոցիալիստական ռեալիզմի ոճի շրջանակներում:

Այնուհետև, ինձ թվում է, որ գրականությանը վերաբերող ձևով ազգային և էությամբ սոցիալիստական բանաձևը պետք է հագենա որոշակի բովանդակությամբ նաև այս բնագավառում։ Ցանկացած ազգային գրականությունը պետք է իր ավանդը մուծի սոցիալիստական գրականության ձևերի ընդհանուր գանձարանը։ Մինչդեռ, գրեթե ոչ ոք մեզանից չի օգտագործել, օրինակ, արևելյան հեքիաթի ժանրը։ Իսկ այդ ժանրը կարող է արդյունավետ օգտագործվել, ինչպես ցույց է տալիս, թեկուզ, Դեմիրճյանի «Քաջ Նազար» պիեսի հաջողությունը։

Կցանկանայի նշել, որ ՌԱՊՊ-ի տխուր ժառանգության ուրիշ կողմերի շարքում, չի վերացվել մասնավորապես նաև այսպիսի մի փաստ, ՌԱՊՊ-ը գրողին գնահատում էր ոչ այնքան նրա ստեղծագործական ակտիվությամբ, որքան գրական կազմակերպությունների մեջ գրողի մասնակցության աստիճանով։ Եվ մինչև այժմ Մոսկվայում հայտնի են ազգային այնպիսի գրողների մի շարք անուններ, որոնք իսկական ստեղծագործական կշիռ չունեն, այն ժամանակ, երբ մեր գրականությունր իսկապես առաջ շարժող գրողները քիչ են հայտնի։ Հիշենք Չարենցին։ Ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Միության մասշտաբով այդ խոշորագույն բանաստեղծը գրեթե անծանոթ է ռուս ընթերցողների լայն շրջանին, իսկ եթե հայտնի էլ է, ապա առավելապես իբրև արձակագիր։ Դա ավելի քան անարդարացի է։