Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/122

Այս էջը հաստատված է

Ինչպես հայ, այնպես էլ վրաց գրականության հիմնական թերությունը ես համարում եմ որոշ գավառականությունը: Գրողն իր նյութը չի բարձրացնում գաղափարական նշանակալից բարձրության, շատ հաճախ մնալով տեղական պայմանների յուրահատկության գերության մեջ։ Դա, ի դեպ, հատուկ է նաև առանձին ռուս գրողների։

Կցանկանայի նաև՝ համագումարում զրուցել խորհրդային գրողի բարոյական դիմագծի մասին։ Ա. Մ. Գորկու հոդվածները այդ կարևոր հարցը արծարծեցին ճիշտ ժամանակին։ Խորհրդային գրողի բարոյական կերպարը դեռևս համապատասխան չէ նրա պատմական վիթխարի դերին։ Դրա օրինակները կարելի է գտնել ամեն մի ազգային գրականության մեջ: Ո՞րն է ելքը։ Գալով Մոսկվա, մեր պատվիրակությունը մասնակցեց Պրոլետարական շրջանի բանվորների հետ կազմակերպված զրույցին։ Որքա՜ն շատ բան տվեց մեզ այդ զրույցը։ Ահա այդպես, բանվոր հասարակայնության հետ սերտ կապի մեջ է գրողի բարոյական դիմագծի ձևավորման ուղին։

Եվ վերջապես. համագումարից առաջ մենք ստացանք բազմաթիվ նամակներ մեր երկրի սահմաններից դուրս ապրող աշխատավոր հայերից։ Իսկապես զարմանալի է. ինչպիսի՜ ուշադրությամբ ու սիրով են նրանք սպասում համագումարին։ Համոզված եմ, որ համագումարը կիրագործի իր հետ կապված բոլոր հույսերը և կարևոր փուլ կդառնա նոր մշակույթի աճման գործում։