Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/13

Այս էջը հաստատված է

Ճերմակ բանդաների տիրապետության օրոք, «մահվան սպառնալիքի» տակ բացվեցին վաճառատները» (էջ 30), և այդ այն ժամանակ, երբ հենց հեղինակի ասելով՝ սմոկինգ հագած «Բիրդան աղան» երդում էր «Տեր պահյա զկայսրն»...

«Դոկտոր» Արգամը «մի քանի տասնյակ հրացան և մի քիչ փամփուշտ» է ուզում՝ քաղաքում «ժամանակավոր մարմին» (երևի հեղկոմ) հիմնելու։ Ո՛չ, ներեցեք, քաղքենու միտք․ ծապլվարյան տակտիկան[1] հատուկ էր մի ուրիշ շրջանի, երբ ձեր միտքն իմաստ ուներ։ Բանտարկված բոլշևիկները «մոռացել են մարդու մասին ունեցած իրենց նախկին հասկացողությունը», քայլում են «միապաղաղ քայլերով»․ «դեմքերը գալարվում են․․․ ջրային սառը հայացքով» և այլն։

Բայց ի՞նչ հաճույքով, որքա՜ն ախորժով նկարագրում է «կաքավչուհուն», շանտանների կյանքը, «պլլված հույզերի հորդանքից ելևէջող կրծքերով կանանց կիսամերկ մարմինները»։ Տասնյակ երեսներ են հատկացված այդ կյանքի նկարագրին, տափակ համեմատություններով, շանտանը կինոյում տեսած սեմինարիստի ոճով։ Կարդացեք 46 էջում սպիտակ հացի նկարագիրը, թերթեք ապա Շեկոյանի նամակը և կհամոզվեք, որ հեղինակը գրական միջակությունից էլ շատ ցածր է, քաղքենու միտքը «ելևէջող կրծքի ողկույզների քաղցր հյութը» համով ծծող։

Մյուս պատմվածքի՝ «Առանց վերնագրի», նյութը ՆԷՊ-ի շրջանից է։ Հեղափոխությունը «հորձանք» համարող քաղքենին թյուր կարծիք ունի և ՆԷՊ-ի մասին։ Հեղինակը զավեշտ է խոստանում, բայց մատնում է միայն իր քաղանգրագիտությունը։ Հեղինակի ասելով՝ հեղափոխությունը խոսք էր, և ոչ գործ։ ՆԷՊ-ի ժամանակ մեր հիմնարկներում կարիերիստներ են, իսկ կուսակցակա՞նը․ ահա ի՞նչ ճառ է ասում նա իր կնոջ համար․

«Ի՞նչ կասի անկուսակցականների և ակամա ենթարկվածների հսկա բազմությունը, որոնց կառավարում ենք մենք, որոնք․․․ զսպված գազանի պես ակամա իրենց սուր քաշած ճանկերը, դարան մտած, հարմար րոպեի են սպասում մեզ վրա ցատկելու և պատռոտելու» («Վերածնունդ», էջ 220)։

Եվ ինչքա՜ն լավ է, որ Ա․ Տեր-Հովնանյանը «ապրելու իմաստ չունի» և զբաղված է «կրծքի ողկույզների հյութը ծծելու» մասին գրելով։

  1. 2