Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/132

Այս էջը հաստատված է

տվեց, թե ինչպես Շևչենկոյի ժառանգության ոչ ճիշտ, անքննադատ օգտագործումը հանգեցնում է խառնաշփոթության։ Ուկրաինայի ներկայացուցչի զեկուցումից հետո պարզ դարձավ, որ Շևչենկոյի ստեղծագործության նոր գնահատությունը անչափ բարձրացրել է նրա նշանակությունը որպես ուկրաինական հանճարեղ բանաստեղծի։

Ես խորհուրդ կտայի մեր բոլոր գրողներին ու գրականագետներին՝ վերանայել գրական վիթխարի ժառանգությունը, այդ բանն անել արագ, որովհետև դրանով մենք կարող ենք մեծ ու լայն ուղիներ գծել մեր խորհրդային գրականության համար։

Ընկերներ, ես ուզում եմ մատնանշել երկրորդ աղբյուրը, որից ազգային գրողները կարող են քաղել կոնկրետ նյութ։ Որոշ ազգային ջոկատներ օգտագործել են այդ ուղին, բայց այստեղ քիչ խոսեցին դրա մասին։ Եթե մենք վերցնենք առաջներում ճնշված ժողովուրդների պատմությունը, ապա կտեսնենք, որ նրանցից շատերը հազարամյակների ընթացքում կրել են զանազան պատմական ազդեցություններ։ Հայ ժողովուրդն, օրինակ, կրել է պարսիկների, հելլենների, Արևմուտքի, Արևելքի, պարթևների և ուրիշների ազդեցությունը։ Դա պատմական ուղու հարստություն է՝ հագեցած պատմական բազում ազդեցություններով, ազդեցությունների այդ վիթխարի խտացումը, ես կասեի, ավելի կարևոր աղբյուր է, քան հին գրողների ծանոթ անունները։

Ի՞նչ է այժմ տեղի ունենում մեզանում։ Մեր գրական ջոկատը ի՞նչ է պարտավոր մուծել ընդհանուր խորհրդային գրականության մեջ։ Ես ուզում եմ հիշեցնել Ստալինի խոսքերը՝ ասված Հոկտեմբերյան հեղափոխությանը հաջորդած առաջին իսկ տարում։ Նա, բերելով Հայաստանի օրինակը, ասում էր, որ դա բնորոշ մի անկյուն է, որտեղ իմպերիալիստների «գեղարվեստը» սանձարձակ անկարգության ձև էր ընդունում։ Նա խոսում էր այդ ժողովրդի հերոս որդիների մասին, որոնք ստեղծում էին մեծ մշակույթ՝ մնալով ճնշված վիճակում։ Արդյոք վերացե՞լ է այդ հերոսականությունը։ Այն տասնապատկվել է այժմ, և ոչ միայն մշակույթի բնագավառում, այն տասնապատկվել է նաև մինչ այժմ չտեսնված շինարարության ասպարեզում։

Պատմական իրադարձությունների քննադատական վերանայման ուղին արժեքավորագույն միջոց է գրականության մեջ նոր ավանդներ մուծելու համար։ Այդ բանը ցույց տանք մի քանի օրինակով։

Փոփոխվում է ո՛չ միայն տնտեսությունը, այլև վերափոխվում է