Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/14

Այս էջը հաստատված է

Դատարկապորտի մեկը գործ է փնտրում, արհեստ չունի, զբաղմունքը միայն «երազելն է», դիմում է դես֊դեն, գործ չեն տալիս։ Մեծամիտ դատարկապորտը մխիթարում է ինքն իրեն նրանով, որ․․․ մեծ մարդկանց սկզբում հալածում են, հետո մեծարում։ Կարիքը նրան ավանտյուրիստ է դարձնում, փորձում է տեղավորվել որևէ հիմնարկում, իրեն «մեծ տնտեսագետ» համարելով։ Այդ էլ չի օգնում։ Եվ մեր քաղքենին դառնում է «ողկույզներ ունեցող» մի կնոջ հացափոր որձը։

Ինչքան շատ քաղքենիական աֆորիզմներ կան, անատամ բարբաջանք և կուրություն անսահման, բոբիկություն քաղաքական, գրիչ շարժելու շնորհքի լիակատար ամայություն։

«Կոոպերացիան... շատ արժեքավոր հանգամանք չէ մարդկության համար» (էջ 155), — հայտարարում է տնաբույս «տնտեսագետը» և ավելացնում որպես հրահանգ. «Ներկայումս տիրող այդ պայմանները պիտի վերացնել իսպառ»։ Մի այլ տեղ, «Կոոպերատիվը, որպես բաշխման ապարատ, մարդկային կյանքի բարելավման պայմաններից մեկն է» (էջ 203)։

Մի հիմնարկի պետ, որ կուսակցական է, այսպես է խոսում իր կարիերայի մասին. «Շրջապատում տնտեսական գործերից հասկացողներ չկային. բոլորը բանվորներ ու երիտասարդներ էին, որոնց համար իրենց պայքարի նպատակը միայն կար» (էջ 180)։ Հեղափոխություն արել են «բանվորներն ու երիտասարդները», որոնք ՆԷՊ֊ի ժամանակ... անճարակ են մնացել։

Մի ուրիշ հիմնարկապետ, դատարկապորտ քաղքենուն տեղավորելու համար, կարգադրում է հիմնարկի մի ուրիշ աշխատակցի կրճատել։ Եվ այլն, և այլն։

Հայ գրականագետ լինելու հավակնություն ունեցող հեղինակն աչքի է ընկնում իր... տգետ հայերենով։ Ահա նմուշներ. «տեր դառան իր ապրումի դասավորման», «կանգնած է մի թնդանոթ», «դրված են երկու գնդացիր, իրենց գործադրող զինվորներով», «մի խումբ գյուղացիներ, կիսապառկած կանաչին», «սպասավորներ ծալվող ոտքերով», «տերևները հորդ անձրևի պես մաղվում են գետին», «նիհար մարմինը վրան հագցրած լայն ու երկար բաճկոնով» և այլն:

«Հորձանքը» մի բան է ասում, թե ի՛նչպիսի զավեշտական դիրք է ստանում ապրելու իմաստ չունեցող քաղքենին, երբ գրիչ է շարժում Հոկտեմբերյան էջերից մեկը նկարելու։