Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/145

Այս էջը հաստատված է

Մոտ հազար տուն ունեցող Խնձորեսկի դպրոցում սովորում են միայն 260 երկսեռ աշակերտ. դպրոցն ունի չորս ուսուցիչ։ Տեղ և ուսուցիչ չլինելու պատճառով երկու այդքան էլ աշակերտ մնացել են փողոցում։ Ճիշտ է, ժողովրդի ջանքով դպրոցի շենքը կարգի է բերված, կատարված է հիմնական վերանորոգում, բայց դրանով չպիտի բավականանալ: Դպրոցին կից գտնվում է առաջվա վոլոստնոյի շենքը` կիսավեր վիճակում։ Հարկավոր է այդ շենքն ևս վերանորոգել և մեծացնել դպրոցը, գալ տարի ընդունել և դրսում մնացած աշակերտության։ Դպրոցից բացի, գյուղում կա երկու լիկկայան, որտեղ սովորում են 80-ից ավելի գյուղացի։ Լիկկայաններից մեկը կիսագրագիտության, մյուսն անգրագիտության վերացման համար է։

Գյուղում կա ընթերցարան, ուր ստացվում են մի շարք լրագրեր` «Կարմիր ռաշպար», «Կոմունիստ»[1] և այլն։ «Խորհրդային Հայաստանից» չի ստացվում և ո՛չ մի օրինակ. իմ հարցին, թե այդ ինչո՞ւ է այդպես, ինձ պատասխանեցին, թե գյուղխորհուրդը որոշել է տարածել «Խորհրդային Հայաստանը», բայց այդ որոշումը մինչև այժմ մնացել է մեռած տառ։ Հարկավոր է, որ օր առաջ գյուղխորհուրդն իրականացնի իր որոշումը։ Ընթերցարան հաճախողների թիվը միջին հաշվով օրական հասնում է մոտ 30-ի, երբեմն կազմակերպվում է խմբական ընթերցանություն անգրագետների համար։

Եռուն գործունեություն է ցույց տվել գյուղի փոխօգկոմը[2], կարճ ժամանակամիջոցում նրան հաջողվել է ստեղծել մոտ 200 փութ հացահատիկի ֆոնդ։ Անցյալում նա ինն ամիս շարունակ գյուղի անպաշտպան և որբ երեխաներին է կերակրել, չքավոր աշակերտների համար ձեռք է բերել գրենական պիտույքներ, չունևոր գյուղացիներին տվել է սերմացու։ Փոխօգկոմի եկամուտը եղել է կամավոր հանգանակություն և սեփական բանջարանոցի արդյունքը։ Բացի դրանից, գյուղի յուրաքանչյուր գութան մի օր պարտավոր է վարել փոխօգկոմի համար։ Այդ հաշվի մեջ են մտնում համայնական բնույթ կրող հողերի (դպրոց և այլն) մշակումը, որ կատարվում է փոխօգկոմի աջակցությամբ։ Միայն վերջերս է, որ փոխօգկոմը Բաքվի նորակազմ հայրենակցական միությունից նվեր է ստացել մի համեստ գումար։ Հայրենակցական միությունն իր շուրջն է համախմբել մոտավորապես 300 անդամ և մտադիր է աջակցել նաև դպրոցին։ Գյուղի և քաղաքի շաղկապման այս ձևը մեծ նշանակություն ունի մանավանդ Զանգեզուրի համար, որովհետև արդյունաբերական

  1. 1
  2. 2