Ոչ միայն միլիոնավոր դեսյատին կալվածատիրական հողեր խլվեցին ու բաժանվեցին անհող գյուղացիության, ոչ միայն ստեղծվեցին բազմաթիվ օրինակելի խորհրդային տնտեսություններ, ցուցադաշտեր, այլև սկսվեց գյուղատնտեսական մշակույթի նոր ձևերին անցնելը։
Ռուսաստանի հարավ-արևելքը միշտ էլ ենթակա էր երաշտի, սակայն այժմ պետության օժանդակությամբ այդ շրջաններում գյուղացիությունն անցնում է մշակույթի նոր ձևերի և միանգամայն ապահովում իրեն երաշտից։ Ջրային ասպարիզում կատարած հսկա աշխատանքը ամուր պատվանդան է գյուղատնտեսական բարձր կուլտուրաների անարգել զարգացման համար. հենց այն, որ հաջողվեց կարճ ժամանակում նախապատերազմյան վիճակին հասցնել մեր գյուղատնտեսության մի շարք ճյուղեր, հենց միայն այդ ցույց է տալիս, որ Հոկտեմբերի գծած ուղին ճշմարիտ էր։
Այժմ, երբ հողաբաժանման աշխատանքները համարյա թե ավարտված են ամեն տեղ, հերթական խնդիր է գյուղատնտեսության հիմնական փոփոխումը։
Ինչպես անել, որ հնարավոր լինի ստանալ երկու հասկ այնտեղից, ուր առաջ ստացվում էր մի Հասկ, այսինքն՝ արդյունքի և արժեքի կրկնապատկման հարցը, աշխատանքի արտադրողականության բարձրացումը գյուղատնտեսության մեջ։
Բոլոր նախադրյալները կան այդ խնդիրը ևս հաջողությամբ լուծելու: Գյուղատնտեսական վարկ, գործիքների աժան վաճառում, գյուղատնտեսական մթերքների արտահանումը դեպի օտար շուկաներ, ցուցադաշտերի և փորձնական կայանների այն խիտ ցանցը որով տարեցտարի պատելու է մեր միությունը, վերջապես՝ գիտության և աշխատանքի շաղկապումն իրար այդ ասպարիզում, ահա՝ այս բոլորը մի-մի գրավական են՝ համոզվելու, որ յուրաքանչյուր Հոկտեմբերի տարեդարձին մեր տնտեսությունը ոչ միայն աճում է, այլև մշակույթի տեսակներն են փոխվում, գյուղացու աշխատանքը դառնում է գրավիչ և արդյունավետ, մեքենան մուտք է գործում մեր գյուղերը և, այսպիսով, հավիտյան զոդում քաղաքն ու գյուղը։
Ահա՝ ի՞նչ հեռանկարներ են բացվում մեր առաջ, և ի՞նչ պետք է անենք մինչև գալիք Հոկտեմբերը։