Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/148

Այս էջը հաստատված է

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԻ ԶՐՈԻՅՑՆԵՐ

Ամենքը ճանաչում են Շնաթաղ[1] գյուղը։ Այդ գյուղում երկաթե գութան երբեք չի եղել, հենց միայն այս ցույց է տալիս, որ գյուղի տնտեսությունը հետամնաց է։

Գավառական գյուղատնտեսը ուսումնասիրել է այդ գյուղի կարիքները, պարզել գյուղի տնտեսության բարձրացման միջոցները, բայց կազմակերպել հարկավոր է, փորձով ցույց տալ, որ ջիբում զրնգան նոր ձևից ստացած օգուտն ու փողը։

Շնաթաղը անասնապահության համար է ստեղծված․ Շնաթաղում ցորեն ցանել, այդ նշանակում է՝ խանչալով մալական[2]։ Չի տալիս օգուտ, որովհետև կլիման և հողը նպաստավոր չեն։

Բայց անասնապահությունն էլ այնքան օգուտ չի տալիս, որովհետև օրինակելի չի, չոբանավարի է, այնպես, ինչպես առաջ, մեր պապերի ժամանակ։

Որպեսզի գյուղը հարստանա և օգուտ ունենա, դրա համար հարկավոր է ամենից առաջ սովորել տնտեսության լավ ձևերը։ Դրա համար շատ միջոցներ կան, բայց ամեն անգամ, երբ գյուղացին գործով Գորիս է գալիս, թող մտնի գյուղատնտեսի մոտ և խորհուրդ հարցնի։ Դրա համար նրանից փող չեն ուզում։ Մինչև հիմա մեր գյուղացին այդ չի արել, որովհետև սովոր չի, սովոր չի իր անգրագիտության պատճառով, բայց հիմա նա պիտի սովորի, որ լավ ապրի։

Շնաթաղում պիտի կազմակերպել անասնապահական արտել. արտելը իր համար պանրի և յուղի գործարան կբացի, ինչպես Բազարչայն է անում, ինչպես Երիշենն է որոշել։ Արտելի համար կառավարությունը վարկ (փող և մեքենա) կտա, գյուղատնտեսն էլ ցույց կտա, թե ինչպես կազմակերպել այդ։ Արտելը դրսից կբերի լավ բուղաներ և կազնվացնի տեղական անասունները և, վերջապես, արտելը կարող է սպառել կաթնատնտեսական մթերքները՝ յուղն ու պանիրը։

Ասված է՝ գեղը որ կանգնի, գերան կկոտրի. միության մեջ ուժ կա, ինչ որ չի կարող անել մի գյուղացի, հեշտ է ամբողջ գյուղի համար։ Բայց այդ բանը պիտի հասկանալ և խոսքից գործի անցնել։

Գյուղի ակտիվ մասը՝ երիտասարդությունը, պիտի անի այդ գործը։ Շնաթաղը զանազան քաղաքներում, մանավանդ Գրոզնի, շատ բանվորներ ունի, գիտակից, գյուղի լավն ու վատը իմացող։

  1. 1
  2. 2