Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/150

Այս էջը հաստատված է

սարալանջն են քերծում, ստացած կամ ունեցած մի բուռն սերմացուն այնտեղ գցելու։

Աղքատ այդ ընտանիքներին աշխատանք հայթայթում է քաղաքը. հաց են թխում, ջուր են կրում, բուրդ գզում, օգնում հանդի աշխատանքին։ Սակայն չնչին է վարձատրությունը։ Աշխատում են լուսաբացից մինչև արևմուտ։

Աղքատ այդ ընտանիքների տները ողորմելի տեսք ունեն, աղտոտ և մութ։ Ամիսներով միս չեն ուտում և եթե մի քանի կոպեկ ճարում, փորոտիք են գնում. այդ նրանց համար հիշատակելի օր է։ Հիվանդություն շատ կա, չեն էլ հետևում։ Այդ մասը կարծես աչքաթող է արված, իրենք էլ են իրենցից բեզարել։

Գյուղում շատ տներ կան կիսավեր կամ հիմնովին փլված։ Այդ՝ օտար քաղաքներ գնացած գյուղացիների տներն են, թողած այդպես անտիրական։ Գորիս գյուղը Բաքվում և Անդրկասպյան երկրի զանազան քաղաքներում ունի մոտ հարյուր տուն, որոնց մեծ մասը բանվոր է։

Գյուղն իր այդ դրությունից դուրս գալու հնար ունի։ Այդ հնարը գյուղի հիմնովին փոխադրումն է մի այլ տեղ։ Եթե նույն տեղը մնա, նա ապագայում էլ զարգանալու միջոց չպիտի ունենա։ Գյուղի ամենից լավ հողերը մնում են անմշակ, հեռավորության պատճառով։ Գյուղի ներկա դիրքը շատ անհարմար է թե երկրագործությամբ և թե անասնապահությամբ պարապելու համար։ Խորդուբորդ ձորեր, քարոտ ճանապարհներ, ծառազուրկ ապառաժներ, ահա՛ թե ինչ ունի գյուղը ներկա դիրքում։ Իսկ մի քանի վերստ հեռու կա հարթ տարածություն՝ ջրով առատ և հարմար՝ երկրագործության համար։ Այդտեղ կարելի է փոխադրել գյուղը։

Նոյեմբերի 26֊ին գյուղում կայացավ համայնքի ընդհանուր ժողովը։ Պետք է տեսնել, թե որքան մարդ էր հավաքվել։ Կանայք, որ հազվագյուտ են ժողովներին, բավական թիվ էին կազմում։ Բոլորն էլ գիտեին, որ իրենց ամենից ցավոտ խնդիրն է լուծվելու։ Եվ գյուղը կատարյալ միաձայնությամբ որոշեց փոխադրվել հարևան հողամասը[1]։ Այսպիսով՝ Գորիս գյուղը պիտի բաժանվի և կազմի 2—3 առանձին գյուղ, յուրաքանչյուրն իր հարմար տեղն ստանալով։

Փոխադրումը կապված է որոշ ծախսերի հետ։ ճիշտ է, գյուղի մի մասը հենց այսօր էլ կարող է հեռանալ, առանց դրսի օժանդակության,

  1. 2