Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/152

Այս էջը հաստատված է

մեծ մասը, սրա֊նրա հողը «կիսրար» հերկում և այլն։ Մյուս բևեռում էլ կուտակվում է աղքատը, հողազուրկը։

Բայց ստեղծվում է և ծայրահեղ չքավորություն՝ մի այծից էլ զուրկ, նույնիսկ անկողնուց և տնային անհրաժեշտ իրերից զուրկ, համարյա կիսամուրացիկ վիճակում։ Գյուղերում առայժմ քիչ տոկոս են կազմում, բայց հենց այժմից ամեն կերպ պիտի աջակցել սակավաթիվ այդ ընտանիքների դրությունը բարելավելու։

Երբեք չեմ մոռանում մի պատկեր։ Մի քանի օր առաջ էր. մոտիկ գյուղերից մեկում առավոտը կանուխ տեսա մի ամբողջ ընտանիքի՝ արևկող արած։ Ինձ զարմացրեց նրանց դարմանոտտ լինելը, երր ծանոթ մի գյուղացու հարցրի, թե ինչո՞ւ բոլորն էլ դարմանոտ են, գյուղացին կես֊ժպիտով պատասխանեց.

— Դոշակ չունեն, քնում են գոմերում, տավարի ախոռում, խոտի կամ դարմանի մեջ։ Դրա համար էլ այդպես են։

Ես մոտեցա նրանց, գոմը մտա։ Գոմն ուրիշի է, իրենք միայն գիշերն են քնում, դրա փոխարեն գոմը մաքրում են։

Մի ամբողջ ընտանիք՝ 9 հոգուց, տան մեծը՝ հայրը, վաղուց է գնացել օտարություն՝ վարձու աշխատանքի, սովալլուկ թողնելով իր գերդաստանը։ Ցնցոտիների խայտաբղետ մի հյուսվածք, աղտոտ լաթեր, մանուկներն ուռած փորով, կիսամերկ։ Երբ մոտեցա նրանց, զգացի, որ մերկությունից ամաչում են, երեսս շուռ տվի ու հեռացա։

Գյուղում աղքատներ կան, որոնք սրա-նրա մոտ աշխատում են, մի պարկ ալյուր ստանում, բայց նրանք մի կով ունեն, ցամաք չեն մնում։ Ծանր է «ախոռում» ապրող ընտանիքի դրությունը, օգնությունն առաջին հերթին նրան է պետք։ Գյուղի գիտակից մասն աշխատում է դրա համար, բայց այդ քիչ է, այդպիսի ընտանիքներին մի կթան կամ լծկան է հարկավոր, որ ստացած հողերից օգտվեն։

Մեր շրջանի գյուղերի համար մի ուրիշ երևույթ էլ է բնորոշ։ Այդ մաճկալի դառն ու վտանգավոր աշխատանքն է։ Պոետները քաղաքից սիրով են գովում մաճկալին[1], բայց մաճկալը նզովում է իր այդ ձևի աշխատանքը, վարելահողի կարիքն ստիպում է հերկել և այնպիսի քարքարոտ սարալանջեր, որոնց հողի շերտը հազիվ է հասնում քառորդ արշինի։

Մաճը բռնած ժամանակ գութանը մեկ էլ դեմ է առնում «հոշի». «հոշ» մեզ մոտ ասում են հողի մեջ ընկած քարին ու քերծին։ Գութանին

  1. 4