Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/153

Այս էջը հաստատված է

լծում են վեց կամ յոթը զույգ եզ, և այդքան լծկանների ուժով քաշած գութանն երբ հանկարծ դեմ է առնում «հոշի», մաճկալը ցնցումով ընկնում է գութանի վրա։ «Որ խփում է, ատամներն Էնպես են կպչում իրար, որ ցավից քիչ է մնում ուղեղդ տրաքվի»,— ասում են մաճկալները։ Շատ է պատահում, որ «հոշին» դեմ առած ժամանակ գութան ու մաճկալ ցած են գլորվում, պատահում են մահվան դեպքեր։ Մեռնում է մաճկալը հենց մաճը բռնած ժամանակ․ գութանն ուժով դեմ է առնում «հոշին»։ Մեր գյուղերում 5—7 տարի մաճկալություն անող գյուղացին մի տեսակ թուլակազմ է դառնում, էլ մաճ չի կարողանում բռնել։

Մինչև այդ վերանա, դեռ շատ աշխատանք կա կատարելու։ Գյուղատնտեսական նոր ձևերին անծանոթ մեր գյուղացին դեռ շատ է «հոշին» դեմ առնելու, մինչև որ նա սովորի ապառաժը ճեղքել։

Մութ ու տգետ է գյուղացին, այնքան էլ հեշտ չի ճարվում այն չոր հացը, որ ուտում է, և չկա ամենևին այն իդիլլիան, որի մասին երգում է «պոետը»։

ՄԵՐ ԳՅՈԻՂԵՐՈԻՄ

Ինչքան էլ գրենք նոր կենցաղի մասին, գյուղում կատարվող նոր փոփոխությունների ու շերտավորման մասին, մեր գյուղը դեռ երկար մնալու է խավար, այնտեղ դեռ շարունակելու են տիրապետել պապենական ադաթն ու սովորությունները։ Այս հանգամանքը, իհարկե, միայն կրկնապատկելու է գյուղում կատարվելիք աշխատանքը և նոր եռանդ տալու այդ աշխատանքները վարողին (ուսուցիչ, կոմերիտական, խրճիթ-ընթերցարան և այլն)։

Գյուղի պակաս կողմերից ամենից առաջ աչքի է ընկնում նրա կտրվածությունը դրսի աշխարհից։ Գյուղը շատ քիչ չափով է հաղորդակից դրսում կատարվող անցուդարձին. գյուղացին լրագիր չի ստանում։

Մեզ շատ է պատահել շրջել գավառի խուլ գյուղերը, որոնք հարյուրավոր վերստ հեռու են երկաթուղուց։ Այդ գյուղերում լրագրի երես չեն տեսնում, բավականանում են քաղաքից եկողի պատմածով կամ նամակներով հաղորդած լուրերով։ Իսկ այդ լուրեր չեն, այլ առասպելներ, շատ հաճախ պրովոկացիա` սարքովի, և, պիտի խոստովանել, անճոռնի սարքովի, որ ծիծաղ է հարուցում։