Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/156

Այս էջը հաստատված է

հանքերի ամենամեծն է և հարուստ նոր գործիքներով[1]: Կա և մի ուրիշ գործարան, որ երևի նորոգման չի ենթարկվի՝ մեքենաները հնացած լինելու պատճառով։

Գործարանի բակում դարսված են սև պղնձի տափակ աղյուսները, որ պիտի վերամշակման ենթարկվին՝ կարմիր պղինձ ստանալու համար։ Մեր պղնձի առաջին պարտիան արդեն ուղարկված է Բաքու՝ Ազնեֆթին, և արժանացել է գովասանքի։

Հանքային վարչությունը խիստ կենտրոնացում է մտցրել գործի մեջ։ Պղնձահանքերը, որ առաջ մասնավոր դրամատերերի սեփականություն էր, ցրված են, առաջ անկարգ էր և պղնձի հալման գործը։ Այդ թերությանը վերջ տալու համար հանքային վարչությունը որոշել է կանոնավորել և մեծացնել ամենից լավ գործարանը և դրանով էլ բավականանալ։

Կարևոր գործերից է հիդրոկայանի կառուցումը, որ մեծ թափով առաջ է տարվում։ Հանքերն ու գործարանն առայժմ ուժ են ստանում դիզելի կայանից, որ չի բավարարում, բացի այդ հանքերը չափազանց հեռու գտնվելով՝ նավթի պակաս շատ են զգում։ Այդ նպատակով՝ հանքերից մոտ 12 վերստ հեռավորության վրա այժմ շինվում է մի հիդրոկայան 300 ուժի, սակայն մինչև 800 միավորի հասցնելու հնարավորությամբ։ Կայանի աշխատանքներն առաջիկա գարնան կավարտվեն, և միջոց կլինի ոչ միայն գործարանում ավելի շատ պղինձ հալելու, այլև հորերից ավելի շատ հանելու։ Էներգիայի պակասության պատճառով այժմ շատ հանքահորերում հանած պղինձը հենց այնտեղ էլ թողնվում է, որովհետև հնար չկա պղինձը վեր հանելու։

Հանքերը նավթ ստանալու են Ալյաթ-Ջուլֆա երկաթգծի Բեգմանլու կայարանից[2]։ Նավթատար վագոնները գալիս են մինչև այդ կայարանը, իսկ այդտեղից էլ ուղտերով նավթը փոխադրում են հանքերը։ Սայլի ճանապարհ չկա, ուղտեր շատ հաճախ չեն ճարվում կամ շատ թանկ գներ են առաջարկում։ Ձյունամրրիկի պատճառով նավթ չի ստացվել վերջին ժամանակներս, այնպես որ գործարանը ստիպված է կանգնել։

Ընդհանրապես, փոխադրման հարցից շատ բան է կախված Ղափանի պղնձահանքերի բարգավաճման համար։ Ալյաթ-Ջուլֆա երկաթուղին է այն կողքի գիժը, որ հասնելու է մինչև հանքերը, ահա փրկության միակ ուղին։ Այն ժամանակ հանքերի արտադրությունը տասնապատիկ

  1. 2
  2. 3