Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/157

Այս էջը հաստատված է

կավելանա, և, որ գլխավորն է, եկամուտն ավելի շատ կլինի։ Կոկսը, որ անհրաժեշտ վառելանյութ է պղնձի հալման գործում, տեղում արժե 50 կոպեկ, իսկ Բեգմանլու կայարանից մինչև հանքերը փութը մի ռուբլիով էլ չեն համաձայնվում տանել։ Իսկ ամիսն առնվազն 5 — 6000փ. կոկս է հարկավոր հանքերի համար։ Նույնը և մնացած մթերքների ու իրերի համար։ Ճիշտ է ասում հանքերի դիրեկտոր ընկ. Զարապովը, թե՝ «Մեր տրանսպորտը կախված է բնական պատահարներից»։

Վառելանյութի կարիքն ավելի է զգացվելու գարնանը, երբ գործը պիտի ընդարձակվի։ Գարնանից բանվորների թիվը 1000-ից անցնելու է։ Առայժմ որակյալ բանվորների և, ընդհանրապես, աշխատող ձեռքերի կարիք չկա։ Շրջակա գյուղերը լիովին բավարարում են կարիքին, մանավանդ որ նրանք առաջուց են ծանոթ այդ գործին։ Ալավերդու գործարանից այնտեղ են ուղարկվել մի քանի պղինձ հալող վարպետներ։

Սակայն գարնանը պակաս զգացվելու է, մանավանդ մաղարաններում աշխատող բանվորների։ Պատերազմից առաջ այդ գործը համարյա թե ամբողջովին պարսիկ բանվորների ձեռքին էր, որոնք շատ հմուտ են այդ գործին։ Այդ ի նկատի ունենալով՝ հանքերի վարչությունը դիմում է արել, ուր հարկն է, որպեսզի գարունը բացվելուն պես հնարավորություն լինի պարսիկ բանվորներ բերելու։

Նորոգում են բանվորների հանրակացարանները։ Այժմ աշխատող բանվորները շրջակա գյուղերից են և աշխատանքից հետո դարձյալ գյուղ են վերադառնում։ Այդ հանգամանքը մի քանի անհարմարություն է ստեղծում, մանվանդ գիշերվա սմենա գնացող բանվորների համար։ Բանվորներին գործարանի հետ կապելու համար և, մանավանդ, հեռու գյուղերից եկած աշխատողներին հարմարություն տալու համար է, որ նորոգվում են հանրակացարանները։ Այդ դեպքում կարելի է պատրաստել և որակյալ բանվորների մի մնայուն կադր՝ կապված ընդմիշտ գործարանի հետ։

Հանքերի կուլտուր֊կրթական աշխատանքը պետք է ավելի ուժեղացնել։ Անհրաժեշտ է Ղափան փոխադրել Զանգեզուրի արհեստակցական միությունների խորհուրդը կամ Լեռնային բանվորների միությունը։ Արհեստակցական աշխատանքը տարվում է առայժմ թույլ։ Բանվորներն ունեն երկու ընթերցարան, կա մի բանվորական ակումբ, ծրագրված է կառուցել թատրոնական շենք։