Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/16

Այս էջը հաստատված է

մարդկանց հետևող լինելը։ Այվազովսկի եկեղեցականն ավելի կտրուկ և կարճ միջոցի է դիմում և Ռուսաստանի ներքին գործոց մինիստրի առաջ ամբաստանում է Միք․ Նալբանդյանին որպես «անբարոյականի, ապստամբի և խռովեցուցիչ ժողովուրդյան»[1]:

Այվազովսկին առաջարկում է «օրենքի բովանդակ խստությամբ» Նալբանդյանին դատի տալ։ Ու թունոտ հեգնանքով Մ․ Նալբանդյանն ավելացնում է․ «Գուցե Այվազովսկին հայրական հոգածությամբ պատրաստել էր մեզ տեղի բնակության Ներչինսկ կամ Կրասնոյարսկ... Մեր ջերմությունը մի փոքր բարեխառնելու համար Սիբիրի սառնամանիքը... (բուն առողջապահական խորհրդով)»[2]։

Այս պրովոկատոր եկեղեցականը ցարական ժանդարմերիային մոտ մարդկանցից է եղել։ Մ. Նալբանդյանը հայտարարում է, որ Այվազովսկին իր «Մասյաց աղավնու» մեջ «ազատ է ամենայն բան գրելու, նաև զրպարտելու, նաև հայհոյելու, ըստ որում նորա գրվածքը չեն քննվում ցենզուրյան ժողովի մեջ[3], մյուս կողմից՝ մեր բոլոր գրվածքը քննվում են և, մանավանդ, խիստ, եթե հարաբերություն ունին պ․ Այվազովսքիին (ապացույցները մեր ձեռքում պակաս չեն)...»[4]։

Բայց և այնպես, 60-ական թվականներին Այվազովսկիների և նրանց շեֆ ժանդարմերիայի «հայրական հոգացողությունն» է հաղթում։ Այս տողերը գրելուց մի քանի տարի անց Միք․ Նալբանդյանի ջերմությունն ընդմիշտ սառչում է ո՛չ թե Սիբիրում, այլ Սարատովի նահանգի Կամիշին քաղաքում...

***

Միք․ Նալբանդյանի համար Տերոյենցի, Այվազովսկու և նմանների ոռնոցն է առիթ լինում գրելու իր պամֆլետ-պատասխանը՝ նշանավոր «Երկու տողը», որի մեջ բերած փաստերը բուռն զայրույթ և դժգոհություն են առաջացրել եկեղեցու դեմ։

Պամֆլետի հենց սկզբում նա շատ շտապ և կտրուկ ռադ է անում իր գլխից Տերոյենցներին ու նրանց արգումենտացիան՝ բերելով Չ․ Ֆոքսի[5] պատասխանն անգլիական մի լորդի․ «Սըր, ձեր նամակը ստացա[6]։ Այդ նամակը առջևս է այժմ, քառորդ ժամից հետո կլինի քամակումս, որի մասին շնորհ ունիմ տեղեկություն տալ ձեզ»։

  1. 17
  2. 18
  3. 19
  4. 20
  5. 21
  6. 22