Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/184

Այս էջը հաստատված է

այլև Քյուրդիստանից։ Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում վարձակետը լիովին արդարացրել է այդ ամիսների ծախսերը, դեռ մի քիչ էլ ավելին։ Բանն այն է, որ անհրաժեշտ քանակությամբ գործիքներ չկան. առաջիկա գարնան սկզբում շարքացանները չպիտի հերիքեն։ Առնվազն տասը շարքացան է հարկավոր Տեղի վարձակետի համար։

Սերմացու ցորեն և գարի մաքրելուց հետո սերմզտիչն այժմ մաքրում է ձավար։ Այդ փորձը շատ հաջող արդյունք է տվել։ Մինչև այժմ մաքրված է 200 փթից ավելի ձավար։

Սերմզտիչների անհրաժեշտությունն է՛լ ավելի հրամայական է դառնում։ Ձմեռվա ընթացքում սերմզտիչները հազիվ կարող են մաքրել շրջակա գյուղերի ձավարը։

Մյուս գործիքներից շատ հարգ ունի երկաթե «զիգ-զագ» փոցխը։ Դժբախտաբար, մյուս գյուղերում, ուր հողերը քարքարոտ են, զիգ-զագն այնքան էլ հաջող չի գնում։ Ատամները շատ հաճախ ծռվում են, փոցխն անհավասար է փափկեցնում, մաքրում, քարի հանդիպելիս դեմ է առնում և այլն։ Քամհարը հաջողություն չունեցավ։ Նրա աշխատանքը շատ է դանդաղ և պակաս արժեքավոր, որպեսզի հնարավոր լիներ որոշ արդյունք տալու։ Բայց և այնպես, առաջին տարվա անհաջողությունը քամհարի համար վերջնական վճիռ չի դեռ։

Տեղ գյուղի փորձը վարձակետի կարևոր նշանակության մի ապացույցն է:

Վարձակետի վարիչը ոչ միայն գիտակ մարդ պիտի լինի, գործին ծանոթ, այլև նվիրված, գործը սիրող։ Մեր վարձակետերը հսկայական անելիքներ ունեն։ Գյուղատնտեսական պրոպագանդայի այդ ստորին կետերում պիտի կենտրոնացնել ոչ միայն գործիքներ, նոր սերմեր, գրականություն և այլն, այլև լավ ուժեր, չխնայելով նյութական միջոցներ, գուցե կիրառելով և պարգևատրման ձևեր։

Այժմ գավառական գյուղատնտեսական կազմակերպությունների առաջ մի խնդիր կա դրված՝ ուսումնասիրել գյուղատնտեսական գործիքների պահանջը, կարիքի չափը, գործիքների տեսակը և այլն։ Վարձակետերի փորձի հաշվեառումը կթեթևացնի այդ գործը, մանավանդ որ վարձակետերի շուրջն աստիճանաբար հավաքվում են գյուղատնտեսական նոր ձևերը սիրող գյուղացիներ։